Երեւանի ավագանու անդամը սխալ թվեր է ներկայացրել աղբամանների հարթակ կառուցելու համար ծախսվող գումարների վերաբերյալ. տեսանյութ
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ աղբի կոնտեյներների համար նախատեսված հարթակները 2022 թվականին կառուցվել են 96.000 դրամով, մինչդեռ 2021-ին նույն հարթակները կառուցվել են 48.000 դրամով։ Ավագանու անդամն այստեղ կոռուպցիոն ռիսկ էր նկատել։    

Ըստ Աբգարյանի՝ իրեն պատասխան տալու համար պետք է ներկայացվեր մասնագիտական կազմակերպության կողմից արված և կնիք պարունող նախահաշվի փաստաթուղթ, բայց նախահաշվի պատշաճ փաստաթուղթ  2022-ի մրցույթում չկա։

Բարձրաձայնված հարցին արձագանքել էր Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ խնդրի վրա Պետական վերահսկողական ծառայության ուշադրությունը հրավիրելով. «Պետական վերահսկողական ծառայության ղեկավարից ակնկալում եմ մանրամասն տեղեկություն, թե արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը իրականացրե՞լ է քայլեր վերոնշյալ հրապարակումների կապակցությամբ, և ի՞նչ արդյունքներ կան: 

Հուսամ՝ ՊՎԾ ղեկավարը բազմակողմանիորեն կուսումնասիրի ավագանու անդամի բարձրաձայնումները և իրապես օբյեկտիվ գնահատական կտա: Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու ընտրությունների դե ֆակտո ընտրարշավը սկսած Տիգրան Ավինյանը հատկապես պետք է բացատրի, թե թափանցիկ աշխատանքի, կոռուպցիան բացառելու և այլ վերամբարձ խոստումներով իշխանության եկած քաղաքական միավորն ինչու է դրժում խոստումները»:

Քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը տարակուսում է, թե ինչո՞ւ է ավագանու անդամը հիմա՛ բարձրաձայնում այս խնդիրը, և ինչո՞ւ է շեշտվում հե՛նց Տիգրան Ավինյանի անունը։ Գրիգորյանն ասում է՝ նախահաշվի պատշաճ փաստաթուղթ  ո՛չ միայն 2022-ի փաստաթղթերից է բացակայում. միշտ է այդպես եղել՝ թե՛ 2022-ին, թե՛2019-ին, թե՛ 2018-ին, թե՛ դրանից առաջ։

Գրիգորյանը նշում է՝ այս պահին այդ գործընթացում փոփոխություններ են կատարվում։

Սա, ըստ Գրիգորյանի, խնդիրների մի փոքր մասն է, ավելի լուրջ խնդիրներ կան քաղաքապետարանում։ Եթե այս դեպքում խոսքը փոքր գումարների մասին է, որոնք կարող են խնդրահարույց թվալ կամ կոռուպցիոն ռիսկեր պարունակել,  ապա ասֆալտապատման դեպքում, օրինակ, խոսքը միլիարդավոր դրամների մասին է։

Այս պահին արդեն մոտ 200 կմ ճանապարհի ասֆալտապատման համար նախագծման աշխատանքներ են իրականացվում՝ բոլորը նախագծով, փորձաքննություն անցած։

Ինչ վերաբերում է ներկայացված գներին, Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն ասաց, որ նման գներ չկան, թյուրըմբռնում է տեղի ունեցել։ 

2022 թվականի համար նախատեսված աշխատանքները դեռ չեն ավարտվել, տեղափոխվել են այս տարի, երբ ավարտվեն՝ կարելի կլինի խոսել քանակի մասին։    

Գրիգորյանի հավաստմամբ՝ քաղաքապետարանը վարչարարական նմանատիպ բազմաթիվ խնդիրներ ունի։ Սա միակը չէ։ Լուծումներ, սակայն, կա՛ն։ Ժամանակ է պետք փոփոխություններն իրականացնելու համար, քանի որ նախորդ տարվա հոկտեմբերից հետո են ձեռնամուխ եղել այսօրինակ խնդիրների վերացմանը։

Շինբարեկարգման վարչության պետը պարզաբանեց նաև ավագանու վերջին նիստի ժամանակ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի բարձրաձայնած մեկ այլ խնդիր ևս։ Ըստ Աբգարյանի՝ իբր Կոմիտաս-Դավիթ Անհաղթ գետնանցման աշխատանքներն իրականացնելիս երկու տարի անընդմեջ նույն աշխատանքներն են արվել, ինչը, սակայն, այդպես չէ։  

Տեղեկացնենք նաև, որ Պետական վերահսկողական ծառայությունը պատասխանել էր Թագուհի Թովմասյանին՝ նշելով, որ համայնքային բյուջեով մրցույթներն ուսումնասիրելը Ծառայության լիազորությունների շրջանակից դուրս է գտնվում։ 

Մանրամասն՝ տեսանյութում 

Վովա Հակոբյան