ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը որոշել է հետաձգել այցը Պեկին՝ ԱՄՆ-ի երկնքում չինական օդապարիկի հետ կապված միջադեպի պատճառով գրում է
Lenta.ru-ն՝ հղում անելով ABC News-ին։
«Բլինկենը կհետաձգի իր առաջիկա այցը Պեկին, որը նախապես ծրագրված էր հաջորդ շաբաթ»,- հայտնել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյային։ Նա հավելել է, որ քաղաքական գործիչը չի ցանկանում չեղարկել այցը, որպեսզի «չուռճացնի» իրավիճակը։ Բացի այդ, Բլինկենը չի ցանկանում, որ օդապարիկի թեման գերիշխի բանակցություններում։
Փետրվարի 3-ին Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը մի քանի օր շարունակ հետևել են չինական հետախուզական օդապարիկին: Նրան նկատել են երկրի հյուսիսային հատվածում։ Հստակեցվել է, որ օդապարիկը Ալեուտյան կղզիներից թռել է Կանադայի տարածքով, որից հետո «տեղավորվել է» Մոնտանայի Բիլինգս քաղաքի վրա։
Ենթադրվում էր, որ այս այցը պետք է լինի ԱՄՆ պետքարտուղարի առաջին հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հինգ տարվա ընթացքում։
Չինաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ պարզաբանել էր, որ ԱՄՆ-ում հայտնված օբյեկտը քաղաքացիական ինքնաթիռ է, որն օգտագործվում է գիտական ու օդերևութաբանական նպատակներով։ Գերատեսչությունում նաև վստահեցրել են, որ այն սխալմամբ հայտնվել է ԱՄՆ-ի երկնքում։
Անահիտ Խաչատրյան