ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել, համաձայն որի՝ օրերս «Օրագիր.news» լրատվականին
հարցազրույց է տվել, որում իր խոսքերը նենգափոխվել են։ «Ես գիտեի, որ մեր լրագրողների մեծ մասը պատրաստ է կատարել ցանկացած պատվեր, այդ թվում՝ հակապետական: Սակայն չէի կարող պատկերացնել, որ չկարողանալով նյութը մոնտաժել իրենց պատվերին համապատասխան՝ նրանք պատրաստ են քո խոսքերը տրամագծորեն շուռ տալ նյութի վերնագրում և մուտքի խոսքում:
Փաստորեն ինձ հետ կապված կեղտոտ քայլերի հեղինակը օրագիր.news-ի խմբագիրն է, որի անունը առայժմ չեմ տալիս: Նա պատրաստ է ամեն գնով օրագիր.news-ի ունկնդիրներին տրամադրել ԵՊՀ-ի և նրա ղեկավարության դեմ»,- գրել է Ռաֆիկ Հակոբյանը։

15-րոպեանոց հարցազրույցի 9-րդ րոպեից Ռաֆիկ Հակոբյանը խոսում է ռադիոֆիզիկայի և ֆիզիկայի ֆակուլտետների միավորման մասին և նշում, որ միավորման գաղափարին դեմ է եղել, դժգոհել է, նշել, որ ոչ թե դեմ է եղել միավորմանը առհասարակ, այլ միավորման արագությանը։ «Ես միշտ ասում էի, որ եկեք չշտապենք, դանդաղ անենք։ Բայց հոգաբարձուների խորհուրդը որոշեց, որ մարտի 1-ից պետք է միավորել։ Դա վատ է իհարկե»,- ասել է Ռաֆիկ Հակոբյանը։
Հաղորդման վերջում էլ ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի Հակոբյանը ԵՊՀ ռեկտորի հետ, դեկանն ասում է. «Պարզ է՝ սկզբնական շրջանում անակնկալ և այլն, և այլն, ես կարող է պատահի ինչ-որ բաներ կտրուկ եմ խոսել, ինչ-որ բաներ ասել եմ և այլն, բայց հիմա, փառք Աստծու, մեր հարաբերությունները շատ լավ են և մնում են լավ»։ Ի դեպ, հարցազրույցի ամբողջ ընթացքում լրագրողը խոսակցությունը տանում էր դեպի ներանձնային հարաբերությունների դաշտ՝ փորձելով լսել իրեն ձեռնտու, իր ցանկացած պատասխանները՝ կապված Հակոբյանի և Հովհաննիսյանի վատ հարաբերությունների հետ։
Վերադառնանք հարցազրույցին։ Դրա տեքստային տարբերակում Հակոբյանի խոսքերն աղավաղվել են։ Մասնավորապես, ուղիղ մեջբերելով Ռաֆիկ Հակոբյանի խոսքերը՝ կայքը գրել է. «Վիճաբանություն անգամ եղավ իր մեքենայի մեջ այդ թեմայով, հիմա, փառք Աստծու, հարաբերությունները լավ են, բայց սկզբում անակնկալի էի եկել իհարկե, կտրուկ բաներ եմ խոսել ռեկտորի հետ»։ Ավելին՝ այդ հատվածը տեղ է գտել նաև հարցազրույցի վերնագրում։ «ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը պատմում է ռեկտորի հետ մեքենայում կռվելու, պաշտոնից ազատվելու, սկզբնական ոգևորության ու հետագա հիասթափությունների մասին»։ Ահա այսպես են վերնագրել հարցազրույցը, որի 15 րոպեների ընթացքում որևէ նման բովանդակություն գտնել հնարավոր չէ։
Կայքը, սակայն, ոչ միայն որոշել է, որ Հակոբյանի ու Հովհաննիսյանի միջև վիճաբանություն է եղել, այլև որոշել է նաև դրա վայրը՝ մեքենայի մեջ։
Կայքի կողմից Ռաֆիկ Հակոբյանի խոսքերի խեղաթյուրման միտումնավորությունը և ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի դեմ տարվող արշավը երևում է նաև նրանից, որ մի քանի օրվա ընթացքում նույն կայքով մեկ այլ նյութ է հրապարակվում՝ «Երկու լսարանի վերանորոգման համար ԵՊՀ ռեկտորին 34 մլն դրամը «քչություն է» անում» վերտառությամբ, որտեղ նույնպես խեղաթյուրվել են նույն Ռաֆիկ Հակոբյանի խոսքերը։ Եվ այսպես, նյութում, հղում անելով Ռաֆիկ Հակոբյանին, գրված է. «Լսարանների վերանորոգման համար ԵՊՀ բյուջեից է գումար հատկացվել, սակայն, ըստ ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանի, մյուս լսարաններն էլ ունեն վերանորոգման խնդիր, որի համար էլ ԵՊՀ ռեկտորի առաջարկով ֆակուլտետը դիմել է Միջազգային դրամաշնորհային ծրագրի, որ հատկացվի 500-600 հազար դոլար։ Այժմ էլ սպասում են պատասխանի»։
Ռաֆիկ Հակոբյանը, ի պատասխան, գրել է, որ ինքը խոսել է նոր, ժամանակակից լաբորատորիայի ստեղծման մասին, այլ ոչ՝ վերանորոգման:

«Այս հոդվածի խմբագրին եմ ուղղում իմ խոսքը: Ամաչիր քո ծագումնաբանությունից և սուտ հղումներ մի կատարիր: Ես, իհարկե, միամտություն եմ ունեցել, որ այսպիսի տականք լրատվությանը հարցազրույց եմ տվել: Սակայն երկու կողմից լինելով ազնվական ընտանիքների ժառանգորդ, դուք չեիք կարող սխալ հասկանալ պարզ հայերենը: Ես խոսել եմ նոր, ժամանակակից լաբորատորիայի ստեղծման մասին, այլ ոչ թե վերանորոգման մասին: Երևի գիտեք, որ զարգացած ժողովուրդների մոտ ամենածանր անպատվությունը դա սուտասան անվանելն է: Դու այդպիսին ես», - նյութի մեկնաբանությունների դաշտում գրել է Ռաֆիկ Հակոբյանը։
ԵՊՀ -ից Civic.am-ն հայտնեցին, որ անհրաժեշտ լսարանների նորոգման համար հատկացվել է 34 մլն դրամ, բայց լսարանների թվի մասին խոսք չկա, քանի որ իրավական որևէ կարգավորմամբ լսարանները ֆակուլտետների միջև բաժանված չեն։ Ֆիզիկայի ֆակուլտետի դասընթացները կազմակերպելու և լսարանները վերանորոգելու համար 34 մլն դրամ է հատկացվել։
Թե ինչո՞ւ է «Օրագիր.news»-ը նման համառությամբ և նման բացահայտ կերպով, ակնհայտորեն զբաղված փաստերի նենգափոխմամբ և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակության արատավորման փորձերով՝ թողնում ենք ընթերցողի դատին։ Հարկ ենք համարում միայն նշել, որ «Օրագիր.news»-ի գլխավոր խմբագիրը ԵՊՀ-ից հեռացված ԵՊՀ մամուլի նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն է։
Վովա Հակոբյան