«Ձեր այցը շատ կարևոր է. Հայաստանը մեզ բարեկամության ձեռք մեկնեց դժվար պահին». Չավուշօղլուն՝ Արարատ Միրզոյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի այցը Անկարա նշանակալի է անվանել աղետալի երկրաշարժերից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ձեզ այս այցի համար... կարծում եմ, որ այն կարևոր է: Հայաստանը մեզ բարեկամության ձեռք մեկնեց նման դժվար պահին»,- ասել է Չավուշօղլուն համատեղ մամուլի ասուլիսում։

Նշվում է, որ փակ հանդիպման ժամանակ Չավուշօղլուն և Միրզոյանը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր քայլերը և պայմանավորվել արագացնել դրանք։

Չավուշօղլուն Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հույս ունի, ինչը բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում։ 

Սա Արարատ Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա. ավելի վաղ նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումին և փակ բանակցություններ վարել թուրք գործընկերոջ հետ։