«Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»․ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի համատեղ ասուլիսը Անկարայում
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ այսօր պայմանավորվածություններ է ձեռք բերել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ արագացնելու ենթակառուցվածքների պատրաստման գործընթացը երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցության բացման համար։
«Երկու կողմերն էլ ունեն սահմանային անցակետերի մոտ ճանապարհների և կամուրջների վերլուծությունների ու ստուգումների արդյունքները: Աշխատանքներ են տարվում, կան քայլեր, որոնք մենք ձեռնարկելու ենք սահմանային անցակետեր տանող ճանապարհների հետ կապված։ Այսօր մենք պայմանավորվել ենք արագացնել այդ միջոցառումների ընդունումը»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսում:
Նա հիշեցրել է, որ այդ երթուղին համարվում է պատմական «Մետաքսի ճանապարհ», և «դրա վերականգնումը կարևոր նշանակություն կունենա»։
Միաժամանակ Միրզոյանն ասել է, որ Երևանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերությունների լիովին կարգավորման և երկրների միջև խաղաղության վերականգնման։ Նա հաղորդել է, որ երկրները մտադիր են համատեղ վերանորոգել Անիի կամուրջը, որը գտնվում է երկու երկրների սահմանին։
«Մեր այսօրվա հանդիպումը, իհարկե, պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն, այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը։ Ուզում եմ տեղեկացնել, ինչպես նախարար Չավուշօղլուն քիչ առաջ նշեց, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշ դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,-եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը։