Մյունխենի անվտանգության համաժողովին կմասնակցեն նաև Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը
Համաշխարհային առաջնորդներն այս շաբաթ կհավաքվեն Մյունխենի անվտանգության համաժողովին։ Ինչպես Civic.am-ին հայտնեցին ՀՀ կառավարության լրատվականից, այս համաժողովին նախատեսված է  ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը։

Եռօրյա տարեկան համաժողովին կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Քամիլա Հարիսը, Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ Վան Ինը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ: Կողմերն անդրադարձել էին  տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի:

Զրուցակիցները քննարկել էին նաև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: