Ադրբեջանում կա 93 քաղբանտարկյալ. Իրավապաշտպանները նոր ցուցակ են հրապարակել
Փետրվարի 27-ին «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» իրավապաշտպան միությունը հրապարակել է Ադրբեջանում քաղբանտարկյալների թարմացված ցուցակը։ 

Ցուցակը պատրաստել են իրավապաշտպաններ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և «Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Էլշան Հասանովը։

Ցուցակի համաձայն՝ ներկայումս Ադրբեջանում կա 93 քաղբանտարկյալ, հաղորդում է Turan գործակալությունը։

Նրանք բաժանված են 7 խմբի.

1-ին խումբ՝ լրագրողներ և բլոգերներ (6 մարդ)
2-րդ խումբ՝ ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ (6 մարդ)
3-րդ խումբ՝ Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ (5 մարդ)
4-րդ խումբ՝ կրոնական ակտիվիստներ (29 մարդ)
5-րդ խումբ՝ «Տերտերի գործով» դատապարտվածներ (8 մարդ)
6-րդ խումբ՝ «Գյանջայի գործով» դատապարտվածներ (26 մարդ)
7-րդ խումբ՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներ (13 մարդ):