Մասիսում ՔՊ թեկնածուի աջակցին սպառնալու դեպքով 40-ամյա տղամարդ է կալանավորվել․ ով է նա

Մասիսի համայնքային ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալել են 40-ամյա տղամարդուն

 

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրեն։

 

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին, նրա անչափահաս որդու ներկայությամբ, հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Նիզամի գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, քարոզչություն կատարելու կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։

 

Civic.am-ի տեղեկություններով՝ դեպքը վերաբերում է Մասիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Հովհաննես Հակոբյանի աջակցին սպառնալու միջադեպին։ Միջադեպի հնարավոր մասնակիցը Սևակ Խաչատրյանն է՝ Մասիսի քաղաքապետի թեկնածու, «Կառուցող կուսակցությունների դաշինքի» ցուցակը գլխավորող Դավիթ Համբարձումյանի թիմակիցը, որը հանրության շրջանում հայտնի է «Աղբի Սևակ» մականունով։