Պատրաստվում ենք ուսումնասիրել 2022թ․-ի ընթացքում պարեկային ծառայողների նկատմամբ հարուցված բոլոր ծառայողական քննությունների եզրակացությունները․ Վահագն Ալեքսանյան
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հաշվի առնելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության շուրջ ծավալված հանրային լայն քննարկումներն ու այդ քննարկումներում պարեկային ծառայության ծառայողների նկատմամբ ծառայողական քննությունների թվի հետ կապված մտահոգությունները՝ ՆԳ նախարար պարոն Ղազարյանից դիմումով խնդրել էի տրամադրել 2022 թվականի ընթացքում պարեկային ծառայողների նկատմամբ հարուցված բոլոր ծառայողական քննությունների արդյունքներով եզրակացությունների պատճենները։ 

Սահմանված ժամկետում պարոն Ղազարյանը տրամադրել է թվով 680 եզրակացությունների պատճենները, որոնք Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի հետ պատրաստվում ենք մանրամասնորեն ուսումնասիրել և քննարկել դրանք մշտական հանձնաժողովում։ Հաշվի առնելով եզրակացությունների ծավալը(680 հատ կամ ավելի պատկերավոր ասած՝ երկու արկղ), կարծում եմ՝ բավականին ժամանակատար է լինելու, բայց հույս ունենք, որ կկարողանանք հայտնաբերել պարեկային ծառայության առավել թույլ տեղերը և մեր լիազորությունների շրջանակներում աջակցել Ներքին գործերի նախարարությանը՝ դրանք վերացնելու հարցում։