Պրոֆեսոր Յոլյանի անվան «Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, նրա կինը՝ Լիլիթ Սիմոնյանը, և ևս մեկ փոխկապակցված անձ՝ Արևիկ Քառյանը, մարտի 15-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Հրապարակված ծանուցագրերից տեղեկանում ենք, որ մասնավորապես Լիլիթ Սիմոնյանի և Արևիկ Քառյանի անվամբ հաշվառված գույքերը ենթակա են բռնագանձման։ Դաղբաշյանին ուղղված ծանուցագրում էլ նշված է, որ վերջինիս պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Հիշեցնենք, որ «Արյունաբանական կենտրոն»-ի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ մասնավորապես 2018-ին՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումից հետո։ Թորոսյանը նշել էր, որ Կենտրոնի մասնաշենքերից մեկը նույն այդ հիվանդանոցի տնօրենին մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով։ Արյունաբանական կենտրոնի տնօրենը 2001 թվականից մինչև 2018թ.-ի հունիս ամիսը եղել է Սմբատ Դաղբաշյանը։
Թորոսյանը հայտնել էր, որ 1495.4 ք/մ մակերեսով մասնաշենքի գնահատված արժեքը 92 799 000 դրամ է, վաճառքի մեկնարկային գինը՝ 69 599 000, շենքը վաճառվել է 22 806 201 դրամով։
Նախապես պլանավորված է եղել 10 աճուրդ։ Այն կայացել է 7-րդ անգամից՝ 10.08.2007թ.-ին։ Բացի դրանից, նախարարը նշել էր, որ հիվանդանոցում գործում է մեկ հիմնական մատակարար, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։
Նշենք, որ հարուցվել էր քրեական գործ՝ երեք դրվագով։ Բացի շենքի վաճառքից՝ նույն քրեական գործի շրջանակում քննվում էին թանկ գնումների, գրանցված, բայց աշխատանքի չհաճախող աշխատակիցների և լաբորատորիայի աշխատակիցների ազատման դրվագները:
«Հետք»-ը ժամանակին հետաքննություն էր իրականացրել և մասնավորապես պարզել էր, որ Սմբատ Դաղբաշյանի կինը՝ Լիլիթ Սիմոնյանը, եղել է գրանցված, բայց աշխատանքի չհաճախող աշխատակիցների ցանկում։ Բացի դրանից, ըստ պարբերականի, «Արյունաբանական կենտրոն»-ի հիմնական և 5 խոշոր մատակարարներից երկուսը կապ ունեն ՓԲԸ-ի նախկին փոխտնօրեն Արթուր Շեգունցի հետ:
Հավելենք, որ Դաղբաշյանի և ՓԲԸ-ի ևս 5 աշխատակցի՝ Անահիտ Աշոտի Գիշյանի, Նելլի Հովհաննեսի Մուսայելյանի, Գայանե Հաջիբաբի Գևորգյանի, Լալա Հակոբի Վաղարշակյանի և Սոմա Վազգենի Համբարձումյանի ներգրավմամբ քրեական գործը Երևան քաղաքի դատարան էր ուղարկվել 2021 թվականի օգոստոսի 19-ին։
Սմբատ Դաղբաշյանին, ըստ datalex.am-ի, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Կենտրոնի տնօրենի պաշտոնում իրականացնելով վարչատնտեսական, կազմակերպա-տնօրինչական, այդ թվում՝ կենտրոնի աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների կառավարման, հաստատության ընթացիկ կառավարման, աշխատողների աշխատանքի ընդունման, նրանց աշխատաժամանակի տեղեկագրերի կազմման, ստորագրման և հաստատման լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, խմբի կազմում՝ հանցավոր համաձայնության գալով նույն կենտրոնի գլխավոր հաշվապահներ Արմինե Սիմոնյանի և Անահիտ Գիշյանի հետ, ինչպես նաև իմունարյունաբանության լաբորատորիայի վարիչ Նելլի Մուսայելյանի, սեռոլոգիական բաժանմունքի վարիչ Գայանե Գևորգյանի և մանկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանի օժանդակությամբ 2010 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում մեկ միասնական դիտավորությամբ յուրացման եղանակով կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր՝ ընդհանուր 26.514.391 ՀՀ դրամի չափերով հափշտակություն, իսկ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում կատարել է պաշտոնեական կեղծիք և նույն կենտրոնում որպես բժիշկ-հիստոլոգ գրանցված Սոմա Համբարձումյանի և կենտրոնի կադրերի հաշվառման բաժնի վարիչ Արաքսյա Ղազարյանի օժանդակությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր՝ ընդհանուր 5.507.031 ՀՀ դրամի չափով վատնում։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թ. օգոստոսի 31-ին սույն գործն ըստ ընդդատության ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան: