Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին մեդիայի և խոսքի ազատության հարցերում
Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբերիոն ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանում մեդիայի ազատության հարցն ու ոլորտները, որտեղ իր գրասենյակը կարող է աջակցություն տրամադրել Հայաստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ պաշտոնական կայքին:
Ռիբերիոն ողջունել է հավաստիացումներն այն մասին, որ մեդիայի ազատությունն ու լրագրողների անվտանգությունը կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ կառավարության օրակարգում: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին մեդիայի և խոսքի ազատության հարցերում:
Ռիբերիոն և Պապիկյանն անդրադարձել են «ֆեյք լուրերի» հետևանքով ի հայտ եկող մարտահրավերներին, մեդիայի ազատության վրա ազդեցությանը:
Կողմերը խոսել են նաև այլ ոլորտներում համագործակցության և Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի՝ Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին: