«Ինչպես գիտեք, մեր քաղաքական թիմը ընդունել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որից հետո ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին ՍԴ՝ պահանջելով օրենքն ամբողջությամբ ճանաչել մեր Սահմանադրությանը հակասող: Բայց այդ օրենքի գործունեության շրջանակներում պահանջվում է համապատասխան անձանցից բռնագանձել 269 անշարժ գույք, 59 շարժական գույք, 62 մլրդ դրամ, 59 ընկերություններում փայաբաժիններ, այդ ամենը ընդհանուր կազմում է, այս պահի դրությամբ ընդամենը, 150 մլրդ դրամ»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ուստի այն, ինչը տեղի է ունենում ՍԴ դատավորի նկատմամբ, նրա խոսքով, այլ բան անվանել չի կարելի, քան պայքար, որը նախաձեռնել է ապօրինի գույքի պաշտպանության ճակատը. «Եվ ես, որպես ԱԺ պատգամավոր, պահանջում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունից այն պատգամավորները, ովքեր անցնում են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով, հայտնեն շահերի բախման մասին և չմասնակցեն համապատասխան քվեարկությանը»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ: