Այսօր ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ հանդիպմանը փորձեց պարզաբանել, թե ինչու է ԵՊՀ խորհրդի նոր կազմ հավաքվել:
«Նոյեմբերի 23-ին ես նշանակվել եմ նախարար. շատ լավ գիտեք` ինչ շրջան էր։ Այնուհետև ԵՊՀ-ի մասով շատ օպերատիվ հոգաբարձուների խորհուրդը լրացվել է: Խորհրդի նախագահը հրաժարական էր ներկայցրել և դեկտեմբերի 24-ին եղել է վարչապետի որոշում,որով համալրվել է խորհուրդը․ թվակազմով, սակայն, առանց խորհրդի նախագահի։ Մոտ մեկ ամիս անց՝ երկար քննարկումներից հետո,թե ինչպե՞ս հրավիրենք նիստ, ո՞վ պիտի հրավիրի, ի՞նչ պետք է արվի, բանավոր ասացինք, ասեցին՝ չէ՝ գրավոր։ Գրավոր ներկայացվեց այդ առաջարկը և,ի վերջո, հրավիրվեց խորհրդի նիստ՝ հունվարի 29-ին», - ասաց պարոն Դումանյանը։
Նրա խոսքով այս իրավիճակում բնականաբար պետք է ընտրվեր խորհրդի նախագահը և ենթադրություններ սկսվեցին, որ նախարարը մարդ է դրել, սա պետք է լինի, նա պետք է լինի։ Շատ բարդ շրջանում ես, իհարկե, խնդրեցի, որպեսզի հիմնադրի և լիազոր մարմնի բոլոր անդամները ժամանակ գտնեն և ներկայանան խորհրդի նիստին. «Այստեղ գիտխորհրդի մեր գործընկերեն են։ Ֆորմալ գիտխորհրդի անդամը չի կարող լինել հոգաբարձուների խորհրդի անդամ բայց, իհարկե, ինֆորմացիա կարող է ստանալ, թե ինչ կատարվեց և ոնց։
Առաջարկվեցին թեկնածուներ (արդեն բաժանել ենք` համալսարանական և իշխանական)»:
Դումանյանի խոսքով՝ այդ ժամանակ իշխանական թևը թեկնածու չառաջարկեց, այլ պաշտպանեց բնական ձևով թեկնածուներից մեկին և կար դրա համար ակնհայտ մոտեցում․ պաշտպանվեց այն մարդու թեկնածությունը, որը հանդիսանում էր ֆիզմատ դպրոցի տնօրեն․ «Այն հարցը, որ մինչ այդ քննարկվում էր, թե ինչո՞վ է հայտնի, ի՞նչ կապ ունի կրթության հետ, համալսարանի հետ ի՞նչ կապ ունի և այլն, այս հարցերը տվյալ պատասխանն ունեին։ Սակայն եղավ այն, ինչ եղավ, չընտրվեց որևէ մեկը խորհրդի նախագահ»։
Նրա խոսքով՝ շատ արագ փոխվեց խորհրդի աշխատակարգը, հանվեցին սահմանափակումները և քանի որ խնդիր կար նիստ հրավիրելու մեջ և այն կանոնակարգված չէր, ապա առաջարկ եղավ լիազորել խորհրդի նախագահին, որպեսզի նա կարողանա հրավիրել նիստ։
Այնուամենայնիվ, խորհուրդը նպատակահարմար գտավ, ավելի օպերատիվ աշխատելու համար, փոխել կարգը։
Ըստ նախարարի, նախագիծ էր բաժանվել, որտեղ կային առաջարկներ։ Եղել են քննարկումներ և աշխատակիցներից 4-ը ներկա են եղել դրանց։ Այնուհետև, նոր պաշտոն է ստեղծվել, խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, որը զարմանք է առաջացրել, քանի որ նման պաշտոն չի եղել և չկա․ «Մենք զարմացած ուսումանասիրեցինք և հասկացանք, որ իրականում խորհրդում քննարկված հարցը՝ փոփոխության, վերախմբագրման, մի բան է եղել, ԵՊՀ պաշտոնական կայքում՝ հոգաբարձուների խորհրդին վերաբերվող մասում, այլ բան է գրված։ Փաստորեն այն փաստաթուղթը, որը գրված էր կայքում, չէր ընդունվել խորհրդի կողմից»։
Պարոն Դունյանը նշեց, որ մթնոլորտը նիստի դրական չի եղել և այո հիմանդրի և լիազոր մարդմնի ներկայացուցիչների մոտ լավ տպավորություն չի թողել․ «Հասկանում ե՞ք, ես՝ որպես նախարար, ոլորտի պատասխանատու, պետք է այս հարցը կարգավորեմ»։
Նրա խոսքով՝ արդեն տիրող մթնոլորտը լավը չէր այդ փուլում և նա երկրոդ հրավիրված նիստում նորից նկատել է, որ, զարմանալիորեն, օրակարգում բացակայել է գլխավոր հարցը․ այն, որ խորհուրդը նախագահ չունի։ Բայց օրակարգում չկար նախագահի ընտրության հարց։
«Սա տարակուսանք առաջացրեց, և մարդիկ իրոք ցանկություն չունեցան մասնակցելու այդ նիստին։ Ես չէի կարող բարոյական ճնշում գործադրել իմ գործընկերների վրա, որպեսզի նրանք գային մի խորրհրդի նիստի, որտեղ չկար գլխավոր հարցը։ Դուք հասկանում եք, չէ՞, որ այդ շրջանում, այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը՝ ամեն մեկը մի ոլորտի պատասխանատու է, և ժամանակի սղություն ունեն բոլորը», - նշեց նա։
Պարոն Դումանյանը նշեց, որ այդ ամենից հետո հաջորդ նիստին նա հույս ուներ, որ արդեն կընդգրկվի օրակարգում այդ հարցը, սակայն դա նորից չեղավ և այս իրավիճակում ցանկություն առաջացավ նոր խորհուրդ ունենալու, քանի որ մթնոլորտը լավագույնը չէր․ «Իմ կարծիքով ավելի աշխատանքային մթնոլորտ պետք է ձևավորվ՝ ի շահ համալսարանի»։
Նրա խոսքով՝ այս իրավիճակին ավելացավ նաև նախագահի կողմից «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ՍԴ ներկայացնելը։
«Ի դեպ, այն որ ասում են թաքուն արեցին, մարդ չգիտեր,e-draft.am-ում այսքան օր է մնացել․ ընդունում եմ, որ e-draft.am-ում, այո, մինչև 14-ն էր դրված և դրված է։ Այն ինչ-որ դրված է, մենք սպասելու ենք 14-ին և կշարժվենք այդ սկզբուքնով, սակայն այս փոփոխությունը, որը ներկայացված է այնտեղ և կառավարության որոշումը, որն ընդունվել է, ընդամենը մեկ հարցի շուրջ է,որը քննարկվել է բազմիցս ԱԺ-ում՝ ռեկտորների հետ։ Այլ հարց է, որ մի մասն ընդունել է, մի մասը՝ ոչ», - ասաց նա։
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, թե հոգաբարձուների խորհրդում ովքեր պետք է լինեն։ Ես չեմ թաքցրել և հիմա էլ չեմ թաքցնում իմ պատկերացրած հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայայցուցիչներ, չպիտի լինեն ուսանողներ և դասախոսներ, այլ պիտի լինեն հոգաբարձուներ։
«Այս ամենի նպատակը խնդիր լուծելն է։ Կա խնդիր, առաջարկվել է՝ գործող օրենքի շրջանակում լուծում տալ հարցին։ Լավն է, թե վատն է, դա այլ հարց է, բայց լուծում է։ Երբ ոչինչ չենք առաջարկում, մենք հայտնվում ենք մեր օրենքների շնորհիվ բարդ իրավիճակում։ Օրենքներ, որոնք չեն կարգավորում այս իրավիճակը, կամ կարգավորում են, բայց վատ՝ 2 ամիս անց։ Որպեսզի համալսարանում չառաջանա կառավարչական վակում, առաջարկվել է լուծում, այո, պահպանելով այն սկզբունքը, որ հիմնադիրը պետք է ունենա մեծամասնություն՝ իր իսկ հիմնադրած հիմանդրամում», - ասաց նախարարը։
ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանն ի պատասխան Դումանյանի ելույթի, նշեց, որ Դումանյանի խոսքում տեսավ մանիպուլյացիա, արդարացում, բայց չտեսավ բովանդակային գնահատական:
«Ուզում եք ձեւավորել նոր խորհուրդ, միանշանակ հնարավորություն ունեիք ըստ գործող կարգի ձեւավորել, իսկ ճգնաժամն այս քայլով ավելի է խորանում: Որովհետեւ երբ ՍԴ-ում վիճարկվում է նորմը, բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՍԴ-ում կվիճարկվի նաեւ կառավարության որոշումը, արհեստականորեն ստեղծում ենք տուրբուլենտ վիճակ: Ես առաջարկել եմ, որ բոլոր փոփոխությունները ներքին պահանջարկով արվեր: Եթե որեւէ մեկի կողմից արվում է առաջարկ, եկեք քննարկենք առաջարկը անկախ ամեն ինչից: Արդյոք պատրաստվո՞ւմ եք գալ ռացիոնալ դաշտ եւ քայլեր ձեռնարկել իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ»,-հարցրեց Հովհաննիսյանը:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ հարցը գտնվում է բովանդակային դաշտում.
«Այժմ հարցը գտնվում է ՍԴ-ում, բայց քանի դեռ ՍԴ-ի որոշումը չկա, մենք չենք կարող ենթադրել, թե ինչպիսին կլինի այդ որոշումը: Ես առաջարկել եմ, որ մինչ այդ որոշումը, եղած օրենքներով լուծենք մեր խնդիրները, ԵՊՀ-ն որքան հնարավոր է շուտ ունենա ռեկտոր»,- ասաց Դումանյանը: