ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի Բելառուսի տարածքում ՌԴ միջուկային զենք տեղակայելու կապակցությամբ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտադիր է արտահերթ նիստ գումարել՝ կապված Բելառուսի տարածքում ՌԴ միջուկային զենքի տեղակայման հետ։ Այն տեղի կունենա մարտի 28-ին կամ 29-ին, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը։

 Այդպիսի նիստ անցկացնելու պահանջով Անվտանգության խորհրդին դիմել է Ուկրաինան։ Կիևը հայտարարել է, որ անհրաժեշտ է կանխարգելել Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը։ 

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան իր հերթին հայտարարել է, որ երկիրը «միշտ պատրաստ է ցանկացած նիստի»։ «Եթե դա նախատեսված է, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք։ Մենք ասելիք ունենք այդ նիստին»,- նշել է Նեբենզյան։

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն «ոչ ադեկվատ» է անվանել արևմտյան երկրների արձագանքը հարևան պետությունում միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշմանը։