Հայտնի ասացվածքը
հուշում է՝ «ճտերն աշնանն են հաշվում», սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանն
ու շարժման կազմկոմիտեն էլ որոշել են աշնանը հաշվել գարնանը մեկնարկած իրենց շարժման
համակիր-աջակիցների թիվն ու, ինչպես երևում է, մեծ, շա՜տ մեծ թիվ են ակնկալում։ Այնպիսի
թիվ, որ հնարավոր լինի ճնշում բանեցնել Նիկոլ Փաշինյանի վրա ու հասնել նրա հրաժարականին։
Նաև փափագում են, որ այս ընթացքում կամ գոնե աշնանը որևէ փորձանք պատուհասի Հայաստանին,
կամ էլ, ասենք, Ադրբեջանը մի «թարս» բան ասի կամ պահանջի ՀՀ-ից, որ դրանից, ինչպես ժողովուրդն է ասում, առիթավորվեն ու լեգիտիմացնեն իրենց փողոցային ակտիվությունը՝
անփոփոխ օրակարգով՝ իշխանափոխություն։
Ծանոթ, փորձված, նույնիսկ մի քանի անգամ ձախողված
տրյուկ է, համաձայնենք։ Բայց քանի որ ընդդիմությունը չունի այլ անելիք, քան իր անհեռանկար
պայքարը սեզոնների բաժանելն ու եղանակային
առանձնահատկություններից ելնելով ակտիվություն ցուցաբերելը, ապա աշնանը ենթադրաբար
տեղի կունենա ապրիլ-հունիս սեզոնների «ոգու և տառի» կրկնությանը։ Այն է՝ ևս մի քանի
«հուժկու» միտինգ, ևս մի քանի «ահարկու» հայտարարություն Կառավարության և դրա ղեկավարի
հասցեին, և ականատեսը կլինենք շարժման վերջնական անշարժացման։
Արդ, ի՞նչ
է փոխվելու մինչև սեպտեմբեր (հենց այդ մասին էլ նախանշված է շարժման վերաակտիվացումը),
որ հնարավոր լինի երկրում իշխանափոխություն անել։ Խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը
շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ ՔՊ-ից պատգամավոր «գողանալու» (վերջինիս իմպիչմենթի գործընթաց սկսելիս օգտագործելու համար)
նպատակն ի չիք դարձավ՝ այսպիսով ի չիք դարձնելով աշնանը նման գործընթաց սկսելու հեռանկարը, երկրում արտահերթ ընտրությունների անցկացման
պահանջարկ առկա չէ, ոչ էլ, նկատենք, նման պահանջ ընդդիմությունն է առաջադրում իշխանությանը՝
փափագելով արտահերթ իշխանափոխությունն իրականացնել միմիայն մեկ՝ 2018-ի հեղափոխության
սցենարով։ Բայց, ինչպես ասում են, կամենալը դեռ կարենալ չէ, իրենք որոշում են, Աստված
և ժողովուրդն էլ՝ տնօրինում։
Ի դեպ, Բագրատ սրբազանը, երկար ժամանակ
կտրվելով իր հոգևոր ծառայությունից,
ակնհայտորեն ընկել է հոգևորականի համար անբնական հոգեվիճակի՝ քաղաքական տրանսի մեջ, ինչի հետևանքով ցուցաբերում է անադեկվատ վարք։ Այդ տրանսի հետևանքով է, գուցե, որ վերջինիս աչքին Նիկոլ
Փաշինյանը երևում է սատանայի կամ «նեռ»-ի կերպարով, որին հաղթելու
ներշնչանքով էլ արյունամած աչքերով, արևակեզ
դեմքով սրբազանը գլորում է ընդդիմադիր պայքարի առաջնորդության իր ամեն օրը։
Նա այնքան է հավատում (կամ էլ ստիպված է ձևացնել, որ հավատում է) իր առաջնորդած գործի հաջողությանը, որ միայն մահն է դիտարկում որպես դրա խոչընդոտ։ «Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք։ Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք»,- օրերս Գեղարքունիքի մարզում՝ Նորատուսում, ազդարարել է եկեղեցուց քաղաքական դաշտ «տրանսֆեր» եղած հոգևորականը։
Փաստորեն, միայն մեր հին ընկեր Դաշնակցությունը
չէ, որ իր պայքարի կրեդոն համարում է «մահ կամ ազատություն»-ը։ Դաշնակցական
էնտուզիազմով վարակված Վազգեն Գալստանյանն
էլ «մահ
կամ իշխանափոխություն» լոզունգով է պայքարը
մղում։ Ի դեպ, դեռ հունիսի 4-ին սրբազանը
խոստացել էր՝ «այս քանի օրը այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու»։ Ավարտվում է
հուլիսը, առջևում ամռան ամենաշոգ ամիսն է։
Սրբազանն էլ մարդու որդի է, որի սիրտն ու հոգին հանգստանալու, տրանսից դուրս
գալու կարիք ունեն։
Առաջարկ՝ եթե սրբազանի կողքին գա գեթ մեկ
քաղաքականապես հասուն ու բարոյականության հետ հաշտ սուբյեկտ, ապա պետք է որդիաբար
կամ ընկերաբար հորդորի նրան հայտարարել աշնանը վերսկսվելիք պայքարի առաջնորդությունը լքելու և իր հոգևոր
ծառայության վայր վերադառնալու մասին։ Այն պայքարը, որի գլուխ ինքն է կանգնել, վաղուց
մեռել է։ Առնվազն այն պահից, երբ Կիրանցից Երևան հասնելուց հետո հանդիպեց
ընդդիմության կարկառուններին ու տրվեց նրանց մեռելածին օրակարգի սպասարկմանը՝
ազդարարեց Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, ապաև ինքզինքը՝ Կանադայի քաղաքացիություն ունեցողին,
առաջադրեց վարչապետի թեկնածու։
Հ. Մանուկյան