ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի,
որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը:
Այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են
Հայաստանի կինոյի հիմնադրամ, որտեղ անձնակազմին է ներկայացվել կառույցի նոր ղեկավարը:
Նախարարը Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ շրջայց
է կատարել հիմնադրամում, զրուցել աշխատանքային թիմի հետ, ծանոթացել կառույցի առաջիկա
ծրագրերին և անելիքներին:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին
և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին՝ այս տարիներին
կատարած աշխատանքի համար:
Շնորհավորելով նորանշանակ տնօրեն Դավիթ Բանուչյանին
կառույցի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ
100-ամյա ավանդույթներ և փորձառություն ունեցող «Հայֆիլմի» իրավահաջորդ հանդիսացող
հիմնադրամի ղեկավարումը լուրջ հանձնառություն ու պատասխանատվություն է.
«Վստահ եմ, որ հիմնադրամի թիմի հետ համատեղ այս աշխատանքը
մեծ հաջողությամբ կշարունակեք և կգրանցեք նոր արդյունքներ: Իրականում կինոյի ոլորտից
մեր ակնկալիքները շատ մեծ են, և վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները
զարգացման նոր հեռանկարներ են բացում: Ներկայում գտնվում ենք շատ կարևոր փուլում. այս
պահին մի քանի ենթաօրենսդրական ակտեր են շրջանառվում, որոնք ընդունվելու դեպքում էապես
մեծացնելու են իրականացվող աշխատանքի ծավալն ու գործառույթը: Այդ իմաստով, իհարկե,
հիմնադրամը կարիք է ունենալու որոշակի վերագնահատման և գործառույթների վերապլանավորման՝
թիրախային արդյունքներ գրանցելու և առավել արդյունավետ աշխատելու տեսանկյունից: Ըստ
էության՝ մենք ուզում ենք, որ Հայաստանում կինոարտադրության զարգացման պոտենցիալն ամբողջությամբ
իրացվի, քանի որ ունենք հսկայական ժառանգություն և մեծ ներուժ կինոարտադրության խթանման
համար: Այստեղ մեր ամենակարևոր անելիքը աջակցությունն է ոլորտին, ժառանգության պահպանումն
ու հանրահռչակումը»:
Նախարարի խոսքով՝ քննարկվում են նաև ոլորտի հնարավորությունների
էական բարելավման հարցերը.
«Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի տեսլականում
առանձին մաս է կազմում նաև «Հայֆիլմի» տարածքը, որը պլանավորվում է զարգացնել՝ որպես
կինոարտադրության տարածք: Կարևորում եմ հիմնադրամի ներգրավվածությունն այս քննարկումներում,
որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք այդ տարածքում եղած ավանդույթները, հնարավորությունները
և փորձառությունը զարգացնելով ու վերափոխելով՝ ստանալ ժամանակակից կինոարտադրության
լավագույն պայմանները: Այստեղ, իհարկե, կունենանք շատ լավ հնարավորություն կինոկրթությունը
կապել կինոարտադրության շրջափուլին՝ դրանով նաև ունենալով կինոկրթության որակի էական
բարձրացում»:
Այս բոլոր աշխատանքներում հիմնադրամի դերը նախարարը
համարել է առանցքային՝ շեշտելով, որ դրա առաջնորդությունը և նախաձեռնողականությունը
վճռորոշ են լինելու առաջընթացի գրանցման ճանապարհին: Ժաննա Անդրեասյանը հաջողություններ
է մաղթել հիմնադրամի նորանշանակ տնօրենին և ողջ անձնակազմին:
Հիմնադրամի նորանշանակ ղեկավար Դավիթ Բանուչյանն
իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և ընձեռված հնարավորության
համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարումը,
որը հանդիսանում է իրավահաջորդը հարյուրամյա կինոժառանգություն և ավանդույթներ ունեցող
պատմական «Հայֆիլմի»:
Նախարարը շնորհավորել է նաև ռեժիսոր Զառա Ջյանին
և ողջ անձնակազմին՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո
միջոցով» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվելու կապակցությամբ:
Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նախարարությունը
շարունակելու է աջակցել ոլորտի առաջընթացին և զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին: