40 տարի առաջ նկարահանված «Մեր
մանկության տանգոն» ֆիլմը դիտում եմ մինչ օրս։ Սիրված դերասաններ Մհեր Մկրտչյանի և
Գալյա Նովենցի ֆիլմում արտահայտած մտքերը օգտագործվում են մինչ օրս, իսկ ֆիլմում տեղ
գտած տարածքներում սիրում են լուսանկարվել և զբոսնել թե՛ հայաստանցիները, թե՛ զբոսաշրջիկները։
Թեև «Վառեմ-մարեմի» անուն ստացած շենքն ու պատշգամբը գտնվում են բավականին
անմխիթար վիճակում, սակայն այն մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում է։ Իսկ հենց այդ շենքի դիմաց Միքայել
Վարդպարոնյանը 2021 թվականին իր ընտանիքի և ընկերների հետ հիմնել են «Վառեմ-մարեմ կավագործության
արվեստանոցը»։
«Ինքը կավագործության արվեստանոց
է, որտեղ ունենք խմբակներ, նաև անցկացնում ենք վարպետաց դասընթացներ կավագործության,
նկարչության և այլն։ Արվեստանոցն ընդունում է բազմաթիվ հյուրերի և մեր հյուրերին ծանոթացնում
է Գյումրիի արվեստին ու արհեստին ավելի մոտիկից։ Այսինքն՝
անմիջական մասնակից դարձնելով վարպետաց դասերին»,-ասաց Միքայել Վարդպարոնյանը։
Մեր զրուցակիցը նաև
ասաց, որ իրենց արվեստանոցը միգուցե նաև ինֆոկենտրոնի գործառույթ է իրականացնում և
իր խոսքով՝ այն ինչից իրենց խելքը հասնում է՝ անշահախնդիր կերպով իրենց հյուրերին պատմում
են։ Արվեստանոց են այցելում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ։
«Արվեստանոցը Գյումրի
քաղաքի ամենաայցելվող կետերից մեկն է։ Եվ օրինակ՝ 2023 թվականին 300 000-ից ավել հյուր
միայն անցել է այս շեմը, այսինքն, մեր համեստ
հաշվարկներով այդքան մարդ այցելել է մեր արվեստանոց»,-ասաց
Միքայել Վարդպարոնյանը։
Իսկ թե ինչու է արվեստանոցը
կոչվում «Վառեմ-մարեմ», Միքայել Վարդպարոնյանը տեղեկացրեց, քանի որ արվեստանոցը գտնվում
է անմիջապես հայտնի պատշգամբի դիմաց, իրենք այդ անվանումն օգտագործել են և կապել են իրենց գործունեության հետ։
Քանի որ կավն անհրաժեշտ է թրծել, այսինքն՝ կավե առարկան անպայման պետք է դնել վառարան,
որ այդ վառելու պրոցեսն անցնի, իսկ մարելուց հետո այն կդառնա կերամիկա։ Մոտավորապես
այդ կոնցեպտն են օգտագործել։
Արվեստանոցի մի պատն էլ անվանում են անունների ինտերակտիվ պատ։
«Մեր հյուրերը, որոնք
գալիս հասնում ենք այստեղ, կավե տառերի միջոցով փնտրում են իրենց անվան տառերը և խաչբառի
կանոններով ավելացնում իրենց անունները։ Պատը երկու տարեկան է, որին 40 000-ից ավել
մարդ իր անունն է փակցրել»,- հավելեց Միքայել Վարդպարոնյանը։
Քանի որ օրերս տեղեկություն էր
տարածվել, թե «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը փլուզվել է, մենք տեղեկացանք, որ պատշգամբը
կանգուն է, պարզապես ընկել է շենքի ներսում կախված մի երկաթի կտոր, ինչից հետո էլ առաջացել
է այդ աղմուկը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան