Թեև «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գույքի օրինականությունը Գլխավոր
դատախազությունը վիճարկում է հակակոռուպցիոն դատարանում, սակայն խմբակցության պատգամավորներից
շատերի գույքային դրությունը պատգամավորական շուրջ երեք տարիների ընթացքում շարունակում
է բարելավվել՝ նրանք հարստացնում են իրենց ունեցվածքը նորանոր գույքեր ձեռք բերելով։
Այնպես չէ, որ նրանք խորհրդարան ոտք դնելիս անտուն-անտեղ-անմեքենա էին։ Նրանցից շատերը, նկատենք, պատգամավոր են դարձել արդեն իսկ սոլիդ կարողություններով՝
բնակարաններ, հողամասեր, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ, տարբեր բիզնեսներում ունեցած
բաժնեմասեր և այլն։
Նախորդ՝ 2023 թվականին, օրինակ, իր գույքերի ցանկը համալրել է «դմբուզ Մհեր» մականունով
մկրտված Մհեր Սահակյանը, որը հայտնի դարձավ ոչ թե իր պատգամավորական ցնցող նախաձեռնություններով,
այլ՝ ցնցող վարքագծով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր
Վարդանյանի քունքին հարվածելով։ Սահակյանը, հիշեցնենք, այդ դեպքից հետո զրկվել է պատգամավորական
անձռենմխելիությունից։ Նրան մեղադրանք է առաջադրվել
այն բանի համար, որ նա 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի
փակ աշխատանքային քննարկման ժամանակ կատարել է խուլիգանություն և խուլիգանական դրդումներով
Վլադիմիր Վարդանյանի առողջությանը պատճառել է թեթև վնաս: Գործը դատարանում է,
տեղի է ունեցել մի քանի դատական նիստ։
Եվ ուրեմն, ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը համատեղ
սեփականության իրավունքով բնակարան է գնել, բայց ոչ թե ՀՀ-ում, այլ՝ Չեխիայում, 60
միլիոն դրամ արժեքով։ Գույքը գնել է 10․01․2023-ին։ Սահակյանը բացի սույն
գույքը, նշենք, ևս երկու անշարժ գույք ունի (համատեղ սեփականություն)՝ Երևանի Էրեբունի
վարչական շրջանում գտնվող արտադրական նշանակության շինություններ, որոնք գնել է
2013-ին։ Հայտարարատուի կողմից տվյալ տարվա
ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք որպես, որը հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին է ձեռք
բերվել, հայտարարագրվել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 1 բնակարան։ Նշենք, որ
Սահակյանը չեխական Pedro Production s.r.o. առևտրային կազմակերպության 50 տոկոսի բաժնետերն է։
Իր գույքերի ցանկը թարմացրել է նաև մեկ այլ «Հայաստան»-ական պատգամավոր՝ Արման
Ղազարյանը․ նա 28․02․2023-ին
վարկով բնակարան է գնել (համատեղ սեփականությամբ) Երևանում, «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ-ից,
46 միլիոն 400 հազար դրամով։ ԱՄԻՕ բանկ ՓԲԸ Ավանի մասնաճյուղից Ղազարյանը 41 մլն
700 հազար դրամ վարկ է վերցրել։
2000 թվականից ՀՅԴ-ական ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Արագածոտնի նախկին մարզպետ Աշտ Սիմոնյանը,
70 մլն 350 հազար դրամով համատեղ սեփականության իրավունքով հողամաս է գնել
Երևանում, որի ½ բաժինն իրեն է պատկանում։ Գործարքը կատարվել է
16․11․2023-ին։ «Հայաստան» խմբակցության
այս անդամի գույքային պատկերը տպավորիչ է՝
մեկ բնակարան Երևանում (համատեղ սեփականություն),
որը գնել է 2012-ին, 2003-ին և 2000 –ին գնված համատեղ սեփականությամբ 5 հողամաս Արագածոտնի
Կաթնաղբյուր համայնքում, նույն համայնքում գտնվող հողին ամրակայված 2 անշարժ գույք
և 1 անհատական բնակելի տուն։
Դաշնակցական պատգամավոր Արփինե Վարդանյանն էլ «Յունիբանկ»-ից ստացած 29 մլն 925 հազար դրամով բազմաբնակարան շենքում գտնվող
բնակարան է գնել 24․10․2023-ին, բնակարանը նրան
է պատկանում համատեղ սեփականությամբ, գտնվում
է Երևանում։
ՀՅԴ ԳՄ անդամ Արգիշտի
Գևորգյանն էլ 2023-ին 1 մլն դրամով հողամաս է գնել (համատեղ սեփականություն), որի
1/3-ի բաժնետերն է, հողամասը գտնվում է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում, գործարքը
կատարվել է 28․04․2023-ին։ ՀՅԴ-ական պատգամավորը
հայտարարագրել է նաև ևս 3 հողամաս՝ միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող, որոնք ձեռք
է բերել 2021-ին (սեփականության ձևը՝ «այլ»), հիշյալ գույքերը գտնվում են Կոտայքի մարզի
Քանաքեռավան համայնքում։ Գևորգյանը, բացի այդ, 3 մլն 900 հազար դրամով 2018 թ․ արտադրության JEEP ավտոմեքենա է գնել նախորդ տարի, «ԱՎՏՈՌՈՒՄ»
ՍՊԸ-ից։ Նշենք, որ Գևորգյանը շինարարական ընկերություն
ունի՝ ԱՐԱՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն
է։
Արդեն նախորդիվ հայտնել ենք, որ 2022-ին էլ բնակարաններ
էին գնել հիշյալ խմբակցության այլ անդամներ, մասնավորապես՝ Ասպրամ Կրպեյանը, Էլինար Վարդանյանը, «սրբազան շարժման»
առաջնորդ Բագրատ Գալստանյանի կողքից չհեռացող, Սիսինի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը,
Արմենուհի Կյուրեղյանը, Քրիստինե Վարդանյանը։
Հ․Մանուկյան