Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում ժամկետից շուտ հաղթեց մրցակցին

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին պայքարի են մտել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչները։


Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8 եզրափակիչում մրցեց 30-ամյա հարավկորեացի Սինջուն Կիմի հետ ու հաղթեց ժամկետից շուտ՝ 9-0։ Գոտեմարտև տևեց 4 րոպե 16 վայրկյան։


32-ամյա Ալեքսանյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ուզբեկ Ռուստամ Ասակալովի և հոնդուրասցի Կևին Կաստիլյոյի դիմակայության հաղթողի հետ:


Օգոստոսի 6-ին պայքարը կսկսի նաև 2021թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, որն (77 կգ) իր համար առաջին Օլիմպիական խաղերում կմեկնարկի 1/8 եզրափակիչից և կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի հետ։


25-ամյա Ամոյանը քառորդ եզրափակիչում ուժերը կչափի կամ կուբացի Պենա Ֆլորեսի, կամ իրանցի Ամին Կավիյանինեժադի հետ: 


Այս քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 7-ին։ Նույն օրը ելույթը կսկսի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ):