Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված
հարցերից է «Հայաստանի Հանրապետության կառավարության և
Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում
Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» նոր համաձայնագրի ստորագրման
առաջարկությանը հավանություն տալուհարցը։ Civic.am-ը նախագծին կից հիմնավորումից
մասնավորապես տեղեկացավ, որ «Համաձայնագրի ստորագրման
նպատակահարմարությունը թելադրված է այն փաստով, որ Հայաստանում ռուսաց լեզվի դերն
ու տեղը որոշվում է պատմական գործոններով և ռուսերենն անհրաժեշտ է մշակութային
կապերի պահպանման և համակողմանի համագործակցության ընդլայնման համար, ինչպես նաև
Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտների գերազանց ռուսերենի տիրապետումը
մրցակցային առավելություն է աշխատաշուկայում»։
Նոր Համաձայնագրի նախագծում, ըստ կից հիմնավորման, կատարվել են որոշակի հստակեցումներ․ մասնավորապես առավել հստակ
ձևակերպված են Համալսարանի կառավարման
սկզբունքային մոտեցումները, կիրառվել
է կրթական ծրագրերի իրականացման հավասար մոտեցման սկզբունքը՝ ՀՀ և ՌԴ օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ «Ռեկտորն ընտրվում է Կառավարման խորհրդի կողմից Կանոնադրությանը համապատասխան և
պաշտոնում հաստատվում է Լիազորված մարմինների համատեղ հրամանով մինչև 5 տարի
ժամկետով: Նույն անձը չի կարող զբաղեցնել Ռեկտորի պաշտոնը ավելի քան 2 ժամկետ
անընդմեջ։ Ռեկտորի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Ռեկտորի և
որպես
գործատու հանդես եկող ու Համալսարանի Հիմնադիրների անունից գործող Հայկական Կողմից
Լիազորված մարմնի միջև կնքված
աշխատանքային պայմանագրով»: Նոր
Համաձայնագրով առավել հստակ ձևակերպված է ՀՀ և ՌԴ դերի և ազդեցության ուժեղացումը
համաշխարհային հումանիտար և գիտատեխնիկական ոլորտներում, Կողմերի պետությունների
դրական իմիջի փոխադարձ ամրապնդումը, ընդհանուր մշակութային,
կրթական և գիտական տարածքի ամրապնդումը: Հստակ ձևակերպված են նաև Համալսարանի
ընդունելության կանոնները և ակադեմիական իրավունքները, ազատությունները:
Նշենք, որ Ռուս-Հայկական
համալսարանը հիմնադրվել է 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված «Հայաստանի
Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան
քաղաքում Ռուս-Հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների
մասին» համաձայնագրի հիման վրա: Համալսարանի ռեկտրը 2023 թ․ հուլիսի 8-ից հիշյալ կրթական հաստատությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանն է։
Նախկին ռեկտորը (2001-ից 2023-ը) տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ
թղթակից անդամ Արմեն Դարբինյանն էր։