Որևէ երկրի պահանջով ՀՀ-ն իր Սահմանադրությունը չի փոխի. Գևորգ Պապոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, որտեղ Հայաստանն ունի իր օրակարգը։ 


Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ո՞րն է Ադրբեջանի նպատակը հայ-ադրբեջանական բանակցություններում և արդյոք Հայաստանը կգնա՞ զիջումների, քանի որ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ դնել և պարտադրում է խաղի իր կանոնները։ 


«Մենք մեր օրակարգը ունենք, և բանակցությունները շարունակվում են: ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը կարդացի, որը նրա մասին էր, որ մեր օրակարգի կարևոր կետերից մեկը երկկողմանի ընդունվել է։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր կետ է բանակցությունների շարունակության համար»,-ասաց նա: 


Անդրադառնալով Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հարցին՝ նախարարն ասաց, որ ՀՀ-ն իր Սահմանադրությունը կարող է փոխել, երբ ՀՀ քաղաքացիներն այդպես կորոշեն: 


«Որևէ երկրի պահանջով Հայաստանն իր Սահմանադրությունը չի փոխի։ Հայաստանը իր Սահմանադրությունը  կփոխի, թե չի փոխի, դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի, սահմանադիրի որոշելիքը»,- եզրափակեց Պապոյանը։