Իրանը չի կարող ներել Իսրայելին․ Տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը մեզ համար կարող է կործանարար լինել

Արևմտյան հետախուզական աղբյուրները «Sky News Arabia»-ին հայտնել են, որ իրենք ապացույցներ ունեն, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա Tisha B’Av տոնի օրը, որը սկսվում է օգոստոսի 12-ին և ավարտվում օգոստոսի 13-ին։ Նշվում է նաև, որ Իրանի հարձակումը համակարգվելու է «Հեզբոլլահ»-ի հետ։

 

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի և «Արաքս նյուզի» գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ։



Քեշիշյանն նշեց, որ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրի ղեկավարի՝ Էսմայիլ Հանիեի, Թեհրանում սպանության հենց առաջին օրվանից մինչև այսօր, բազմիցս արևմտյան, իսրայելական և տարբեր աղբյուրներ հայտարարել են, որ «Իրանը հարձակվելու է» կամ «պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա: Վերջինիս խոսքով՝  նման հայտարարություններ հրապարակողները մի քանի նպատակ կարող են ունենալ, նախ այդպիսով փորձում են ընդարձակել իրենց լսարանը, երկրորդ ձգտում են զգուշացնել Իսրայելին ու նրան անմեղ կողմ ներկայացնել, և այլն և այլն:

 

«Բայց ամենակարևորը՝  իմ կարծիքով այն է, որ արկածախնդիր կողմերին ձեռնտու է պատերազմ հրահրել տարածաշրջանում, ինչին չի ցանկանում գնալ Իրանը: Իհարկե, հասկանալի է նաև, որ Թեհրանը չի կարող ներել իր ինքնիշխանությունը և արժանապատվությունը ոտնահարած կողմին՝ Իսրայելին, և համենայնդեպս, նրան ցնցող պատասխան տալու է: Իսկ թե այդ պատասխանը ում ձեռքով կամ որ տարածքից է լինելու, դա այլ հարց է: Այնուամենայնիվ, մեկ բան հստակ է, ինչպես Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում է նշել՝ Թեհրանը պատերազմի ջատագով չէ, բայց դա չի նշամնակում, որ չի պատասխանելու նման ոտնձգություններին»,- ասաց Մովսես Քեշիշյանը:

 

Վերջինիս խոսքով՝ Իսրայելը ճահճային այս իրավիճակից իրեն փրկելու համար փորձում է ամեն գնով Արևմուտքին ներքաշել պատերազմի մեջ, ինչպես նույն քայլին դիմեց 1967 թվականի 6-օրյա պատերազմի ընթացքում՝ միտումնավոր թիրախավորելով ամերիկյան ռազմանավը, որի արդյունքում սպանվեց 34 ԱՄՆ զինծառայող:

 

«Կարծում եմ, որ այս պահին գնդակը հավաքական Արևմուտքի և ամենից առաջ ԱՄՆ-ի դաշտում է, եթե Վաշինգտոնը կարողանա կասեցնել ռազմատենչ Նեթանիահուի մարդասպան մեքենան, հնարավոր կլինի տարածաշրջանը դեպի խաղաղություն առաջնորդել, հակառակ դեպքում դրական զարգացում ակնկալելն անիմաստ կլինի: Ինչ վերաբերում է մեզ՝ հայերիս, տարածաշրջանային լայնամասշտաբ որևէ նոր պատերազմ մեզ համար կարող է կործանարար լինել, ուստիև, ազգովի պետք է պատրաստ լինենք, երկիրը պետք է հեռու պահել ներքին խժդժությունից և ապակայունացումից, բանակը պետք է պատրաստ լինի հավանական զարգացումներին դիմակայելու»,- եզրափակեց Մովսես Քեշիշյանը։

 

Լիլիթ Թադևոսյան