Մեկ տարի առաջ այս օրը լույս աշխարհ եկավ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ազատ Մաջարյանի քույրիկը՝ Գայանեն։
Մայրը՝ Նարինե Գրիգորյանը, դստերը լույս աշխարհ է բերել 50 տարեկանում։
Այսօր, դստեր ծննդյան օրը, Civic.am-ի
հետ զրույցում Նարիե Գրիգորյանը պատմեց, թե ինչպես որոշում կայացրեց այդ տարիքում երեխա
ունենալ։
«Շատ մտածեցի, հետո որոշեցինք
ունենալ փորքիկ, որ լրացնի մեր բացը ու որոշումը կայացրեցինք միանգամից բժշկի։ Անցնելով
այդ դժվարին ու երկար ճանապարհը հասանք արդյունքի, և 2023 թվականի օգոստոսի 8-ին ծնվեց
մեր հրաշքը՝ Գայանեն, որը լուսավորեց ընտանիքս և նորից կյանք տվեց մեզ ու իր ժպիտով
նա նմանվում է իմ Ազատին։ Գայանեի ժպիտով կարծես Ազատս ինձ ասեր՝ մամ ես հետ եմ եկել
Գայանեի տեսքով»,- ասաց Նարինե Գրիգորյանը։
Նարինեն խորհուրդ է տալիս զավակ
կորցրած ծնողներին, որոնք հնարավորություն ունեն կրկին մայրանալու, թող մայրանան, որովհետև
դա իրոք լույս, դա իրոք ապրեցնող մի կյանք է և երբեք չվարանեն։
Նա նշեց, որ Գայանեն իրեն ուժ
է տալիս ապրելու և հիմա ինքն ավելի շատ կենտրոնացած է դստեր վրա, նրան խնամելու և դստեր
ամեն քայլով ուրախանալու վրա։
Ազատ Մաջարյանը ծառայել է «Մարտունի
2»-ում և ունենալով սրտի բնածին արատ, նա կարող էր և չծառայել, բայց քանի որ որոշել
էր հետագայում դառնալ դատախազ, որոշեց, որ պետք է ծառայի, որպեսզի աշխատանքում իր չծառայած
լինելը խոչընդոտ չառաջացնի և որոշեց գնալ ծառայելու։
«Անգամ պատերազմի ժամանակ, երբ
որ ես իրեն ասում էի՝ Ազատ ջան, ասում են՝
«Մարտունի 2-ը» ռմբակոծեցին, ինձ ասում էր՝ սուտ են ասում, մի լսիր այդ լուրերը, որովհետև
էդպիսի բան չկա։ Ես երբեք չլսեցի նրանից տրտնջոց, երբեք չլսեցի, որ ասեր մամ սոված
եմ, մամ անձրևի տակ եմ կամ մամ շրջափակման մեջ եմ։ Անգամ իր զոհվելու օրը առավոտյան
զանգեց և ասեց՝ մամ, ամեն ինչ նորմալ է, ես
տուն եմ գալու։ Պատերազմը, երբ սկսվեց, ես ասեցի, որ գալիս եմ քեզ հետ բերեմ, ինքն
ասեց, եթե դու գաս և փորձես այդպիսի բան անել, քո աչքի առաջ ինձ գլխից կխփեմ։ Եթե բոլորը
փախնեն, ով պետք է մեր հայրենի հողը պահի։ Ու ես վստահ էի, որ եթե ես գնայի, կաներ
այն ինչ ասել էր, որովհետև ինքը շատ հայրենասեր տղա էր։ Ու ինքը նախընտրեց հայրենիքը,
քան թե մորը։ Ու հիմա, երևի Աստծու մոտ դարձավ դատախազ, որ դատի սխալը, տարանաջատի
սխալը»,-ասաց Նարինե Գրիգորյանը։

Լիլիթ Թադևոսյան