Սևանում կառուցված նոր և ժամանակակից հանրային լողափերում կատարվում են մեծածավալ ներդրումներ

Այս պահին «Սևան ազգային պարկ»- ում գործում է վեց հանրային լողափ:

 

Տարիներ շարունակ բոլորս էլ լսել ենք հանրային լողափերի, դրանց արդիականացման մասին, սակայն միշտ չէ, որ դրանք եղել են իսկապես քաղաքացիների համար հարմարավետ հանրային լողափեր։ Սակայն վերջին շրջանում կարելի է նկատել, որ կառուցվող հանրային լողափերը  բավականին հարմարավետ են, մաքուր ու գեղեցիկ։

 

Civic.am-ի հետ զրույցում «Սևան ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը տեղեկացրեց, որ բոլոր վեց հանրային լողափերը գործում են, զուգահեռ ընթանում են կահավորման աշխատանքներ և հաջորդ տարի կունենանք ավելի լավ պատկեր։

 

 «Նախորդ տարվա համեմատ, այս տարի եղանակի  հետ պայմանավորված որոշակի նվազել է այցելուների քանակը, որովհետև եղանակն անձրևային է եղել, մյուս կողմից էլ Սևանա լճի համար շատ լավ է, և անցած տարվա համեմատ  18 սմ-ով ջուրը բարձր է։ Այսինքն՝ դա շատ լավ է Սևանա լճի համար։ Իսկ մեր այցելուների համար, տուրիստների համար, բնակչության համար որոշակի պասիվ է, եղանակի հետ կապված»,- ասաց Կարեն Մնացականյանը։

  

 Նա նաև ուրախությամբ նշում է, որ այս տարի Սևանը չի ծաղկել և կարծում է, որ չի ծաղկի, պատճառը եղանակի հետ է կապված,  ջերմաստիճանն այդքան բարձր չի եղել, տեղումներն առատ են եղել, այդ պատճառով կապտականաչագույն ջրիմուռները չեն ծաղկել։

 

Հարցին, որ որոշ քաղաքացիներ դժգոհում են, որ զուգարաններն ու ավտոկայանատեղիները վճարովի են, Կարեն Մնացականյանն ասաց, որ նախկինում, երբ դրանք անվճար էին, տիրում էր հակասանիտարական վիճակ, դրա համար որոշեցին վճարովի դարձնել։ Իսկ ավտոկայանատեղիում այլ լողափերից են եկել և կայանել իրենց մեքենաները, ինչից հետո որոշել են դա նույնպես դարձնել վճարովի։

 

Խոսելով նաև հանրային լողափերի համար մրցույթներում հաղթած մասնակիցների մասին՝ Կարեն Մնացականյանն ասաց «Մրցույթներում ում ծրագիրն ավելի լավ ծրագիր է լինում և ներդրումային չափն ավելի մեծ է լինում և տեսնում ենք ավելի լավ ներդրում են փորձում անել, ավելի լավ հանգստի գոտի ստեղծել, հանրային լողափեր մեր հայրենակիցների համար, մրցույթի հանձնաժողովը որոշում է տալ այդ տնտեսվարողին»,- նշեց Կարեն Մնացականյանը։

 

Մենք զրուցել ենք նաև Էկոպարեկային ծառայության «Սևան ազգային պարկի» տեղամասի համակարգող Պողոս Մարտիրոսյանի հետ։ Նա նշեց, որ նոր ստեղծվող էկոպարեկային ծառայության խնդիրների մեջ հիմնականում մտնում է պահպանությունը։ Եվ իրենք, ջրային պարեկների հետ համատեղ իրականացնում են շուրջօրյա պահպանություն՝ հատկապես հանրային լողափերում։

«Հիմնականում այստեղ անկարգապահությունը ոգելից խմիչքների ադզեցության տակ է լինում։ Ուստի, մենք հորդորում ենք սթափ լինել, հետևել կարգապահությանը, լողանալիս ավելի խորը չգնալ և ենթարկվել մեր կոչերին»,- նշեց Պողոս Մարտիրոսյանը։    

 

Մենք զրուցել ենք նաև համար 1 և համար 3 լողափերի պատասխանատու, մրցույթի հաղթող«Էկոբիչ» ՍՊԸ  հիմնադիր տնօրեն Հայկ Մարտիրոսյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ լողափի աշխատանքները սկսել են մոտ 1,5 ամիս առաջ և այս պահի դրությամբ կատարել են մոտ 120 միլիոն դրամի ներդրում։ Այդ ընթացքում իրականացրել են ընդհանուր լողափի  մաքրման աշխատանքներ, ջրից դուրս են բերել նախկինից մնացած բետոնե հենասյուներ, իրականացրել են ջրի նշագրման աշխատանքներ, մեծ քանակի խոտածածկույթով պատել են տարածքը, ճեմուղիներ են սարքել, կառուցել են նոր տաղավարներ, բունգալոներ, որոնք նախկինում չկային, իրականացրել են, սալիկապատման աշխատանքներ, կառուցել են սննդի երկու նոր կետ, երկու զուգարան՝ կանանց և տղամարդկանց համար, տեղադրել են անվճար ցնցուղարաններ, հանդերձարաններ, շվաքարաններ և խաղահրապարակներ, կառուցել են նաև վոլեյբոլի դաշտ, փրկարարների համար տեղադրել են աշտարակներ և ողջ տարածքը հարմարեցրել են հաշմանդամություն ունեցող անձանց համար։

 

«Կոնկրետ այս հատվածում, որ հիմա կանգնած ենք, ըստ ծրագրի` աշխատանքները պետք է իրականացնեինք եկող տարի, բայց առաջ ենք ընկել, արել ենք արդեն այս տարի։ Իսկ եկող տարվա ծրագրով պետք է ռեստորան կառուցենք։ Իսկ 2026 թվականի ծրագրով արդեն պետք է ընդհանուր ծրագիրն ավարտած լինենք, որի մեջ մտնելու են գիշերակացի համար նախատեսված տեղեր։ Ողջ տարածքը մետաղական ցանցով սահմանազատել ենք, բայց մուտք ենք թողել յուրաքանչյուր տարածքից, որ քաղաքացիները կարողանան ազատ մուտք գործել դեպի լողափ։ Ավտոկայանտեղին վճարովի է այն նույնպես ցանկապատել ենք մետաղական ցանցով լուսավորել ենք ամբողջ տարածքը»,- նշեց Հայկ Մարտիրոսյանը։

 

Վերջինս նշեց, որ շատերի մոտ հանրային լողափ արտահայտության հետ կապված թյուրըմբռնում կա՝ հավելելով, որ լողափն է հանրային, վերոնշյալ որոշ ծառայություններն են անվճար, բայց կան ծառայություններ, որոնց վճարովի լինելն անհրաժեշտություն է և լուծում է բազմաթիվ խնդիրներ, բայց դրանով հանդերձ որևէ մեկի մուտքը հանրային լողափ սահմանափակված չէ։ Նշենք, նաև, որ ամբողջ տարածքը ամբողջությամբ լուսավորված։

 

«Չենք թողնում տարածքում խարույկ վառեն, տաղավարների կողքին խորոված անեն։ Դրա համար ունենք առանձին նախատեսված  տարածք, մանղալը տեղադրված է, կարող են մոտենալ այնտեղ անել, դրանից են շատ քաղաքացիները բողոքում, որ միշտ եկել ենք տաղավարի կողքին ենք արել, հիմա ինչու չի կարելի։ Բայց բնությանն է առաջինը վնաս երկրորդն էլ տարածքի աղտոտվածությունը։ Իսկ մարդկանց կոչ կանեմ հնարավորինս չափ տարածքը մաքուր պահեն ու խնամքով մոտենան ամեն ինչին։ Ներդրումային ծրագրի և մեր գերնպատակն այն է, որ մեր քաղաքացիների համար ստեղծենք ամենալավ պայմանները։ Լողափի մաքրությունից բռնած, ընդհանուր տարածքով դուրս եկած, փորձում ենք այնպես անել, որ բոլորին և հասու լինի և բոլորի համար հարմար լինի և բոլորը գոհ, շնորհակալ մեզնից գնան» ,- նշեց Հայկ Մարտիրոսյանը։

 

Խոսելով նաև կոյուղաջրերի մասին, որն այստեղ լուրջ խնդիր է, Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ կոյուղու մասով իրականացնում են սեպտիկ հորերի տեղադրում, սննդի կետի և զուգարանների համար կառուցել են  առանձին սեպտիկ հորեր՝ բոլոր էկոլոգիական նորմերին համապատասխան։

 

«Իսկ շինությունները կատարելելիս ոչ ընդերքին ենք կպել, ոչ էլ հիմնական բետոնային շինարարություն ենք կատարել, ողջ տարածքում։ Մեզ համար ամենապարտադիր ու առաջին պայմանը մեզ մոտ առայսօր ու այսուհետ ևս լինելու է դա, շրջակա միջավայրին ընդհանրապես վնաս չտալ, միմիայն օժանդակել»,-եզրափակեց հայկ Մարտիրոսյանը։

 

Մենք զրուցել ենք նաև լողափում գտնվող քաղաքացիների հետ, որոնք բոլորն էլ գոհ են լողափի վիճակից, կահավորանքից ու մաքրությունից։

 

Նկատենք նաև, որ երբ որոշ քաղաքացիներ դժգոհում են, թե ինչու են հանրային լողափում որոշ ծառայություններ վճարովի, ապա պետք է նշել, որ նույնիսկ Հայաստանում այդքան շատ գովազդվող և մատչելի համարվող վրացական լողափերում շվաքարանները, հենաթոռները և այլ ծառայություններ, որոնք առանձնապես չեն փայլում իրենց որակով նույնպես վճարովի են, էլ չասած, որ նրանց լողափերում գրեթե չկան հանդերձարաններ և ցնցուղարաններ։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան