Լոռու մարզի մի շարք հուշարձաններ վերականգնվում են ԿԳՄՍՆ միջոցներով և պատվերով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով:


ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մասնավորապես վերականգնվում և վերանորոգվում են Ամրակիցի Սբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին, «Լոռի բերդ» ամրոցի պարիսպները, բաղնիքները, եկեղեցին (հասարակական կառույցը), տեղեկատվական կենտրոնը։


Լոռու մարզի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ ռուսական եկեղեցում հանդիպմանը մասնակցել են կապալառու և որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվել էին հիմքերի ամրակայման աշխատանքներ, ընթացքի մեջ էր պատերի ամրակայման նպատակով կրակաթի ներարկումը։ Քննարկվել են վերականգնման վերաբերյալ խնդիրներ,  մասնավորապես՝ տանիքի թիթեղածածկի օրինակի և փայտե էլեմենտների վերաբերյալ: Դիտարկվել է կապալառու կազմակերպության կատարողականի համապատասխանությունն իրականացված աշխատանքներին: