vՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է,
որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման
պայմանավորվածությունը։
ՀՀ ԱԳՆ-ից էլ ի պատասխան վերջինիս հայտարարության արձագանքել են. «Հայաստանի վերաբերյալ ՌԴ
ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն
կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն,
և եթե նկատել եք, տևական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք անդրադառնում դրանց:
Այնուամենայնիվ, չենք կարող չասել,
որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն
զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև
հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը»։
Մարիա Զախարովան էլ, արձագանքելով ՀՀ ԱԳՆ-ին, ասել է հետևյալը. «Սա պաշտոնական Երևանի հերթական օրինակն է՝ սեփական սխալների և ռազմավարական սխալ հաշվարկների համար մեղադրել ուրիշներին, տվյալ դեպքում Ռուսաստանին»։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանի հետ։
«Ռուսաստանն իր ուզածը չի կարող
իրականացնել Հարավային Կովկասում, զինադադարից հետո։ Բայց եթե նույնիսկ իր համար դրական
բաներ կան Վրաստանում, անորոշ է Ռուսաստանի ապագան տարածաշրջանում, որովհետև նախ՝ շուտով Վրաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ, և ոչ
մեկը չգիտի, թե ով կհաղթի, բայց ըստ երևույթին ժողովուրդն ավելի եվրոպամետ է, քան այսօրվա
իշխանությունը։ Երկրորդ՝ Հայաստանում ընդդիմադիր ուժերը, նախկին իշխանությունները
և սրբազանը չեն կարող մեծ ալիք կամ մեծ շարժում ստեղծել՝ պաշտպանելու համար Ռուսաստանի
շահերը։ Չստացվեց իրենց ուզածը։ Երրորդ՝ Ադրբեջանում
ինչ որ կպատահի, խանգարում է Ռուսաստանին։ Եվ չորրորդ՝ Ուկրաինայի ԶՈՒ վերջին գործողությունները Կուրսկում, և տեսանք
Ռուսաստանի անօգնականությունը»,- ասաց Կայծ Մինասյանը։
Խոսելով
նաև այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Բաքվում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է մասնակցել Բաքվի և Երևանի միջև
հարաբերությունների կարգավորմանը այն մասով, որը կպահանջվի երկու կողմերից, Կայծ Մինասյանն
ասաց, որ Ռուսաստանը փորձում է իր ներկայությունը հզորացնել տարածաշրջանում, քանի որ
գիտի՝ Ադրբեջանը և Հայաստանն այլևս Ռուսաստանի կարիքը չունեն, ինչպես
որ ուզում է Ռուսաստանը։
«Պուտինը, որ գնաց Բաքու, մի
տեսակ թուլացած նախագահ է, որովհետև գնաց ստուգելու՝ Ալիևն իր գործընկե՞րն է, թե՞ ոչ։ Էլ ուր պիտի գնա՝ բացի Ադրբեջանից, Հյուսիսային Կորեայից և Չինաստանից։ Բայց
նայեք, Չինաստանը, Իրանը, Թուրքիան՝ Ռուսաստանի բարեկամները, կասկած ունեն Ռուսաստանի
հարցում։ Նա Բաքու գնաց ոչ միայն միջանցքի
պատճառով, այլև կուզեր ճշտել՝ արդյոք ազդեցություն ունի՞
տարածաշրջանի վրա, թե՞ ոչ։ Հետո, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գազի պայմանագիրը շարունակվո՞ւմ
է, թե՞ ոչ։ Անշուշտ պետք է շարունակվի, բայց մարդը կուզի ավելի հեռուն գնալ»,- ասաց
Կայծ Մինասյանը։
Լիլիթ Թադևոսյան