Դաշնակցության #Շրջաբերական004-ը Քոչարյանի քաղաքական կուրսի տրամաբանական շարունակությունն է՝ ՌԴ-ի հետ «քուր ու ախպեր»

Civic.am-ի տրամադրության տակ է հայտնվել ՀՅԴ Բյուրոյի ներքին շրջաբերականը, որում դաշնակցականները կողմ են Հայաստանի անկախության աստիճանի նվազմանը։


Շրջաբերականում կուսակցությունը արձանագրում է.  «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ ...Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում...»։


Մենք զանգահարեցինք դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանին, ով հրաժարվեց մեկնաբանություն տալ շրջաբերականի վերաբերյալ. «Հեռախոսով մեկնաբանություն չեմ տալիս, մեր ժողովներից առաջ միշտ էլ էդպիսի դրսևորումներ, այդ տեսակի դրսևորումներ, հայտարարություններ լինում են. ծանոթ ենք էդ ձևերին»։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին չէր  զարմացրել շրջաբերականի բովանդակությունը։ Հովիկ Աղազարյանը նշեց.  «Ցավոք սրտի, Դաշնակցության որոշ լիդերներ գտնվում են Ռոբերտ Քոչարյանի անմիջական ազդեցության տակ, ու հետևաբար, քանի որ դա Քոչարյանի քաղաքական կուրսն է, ով էլ գտնվում է  Պուտինի ազդեցության տակ, ես դա չեմ բացառում...»։


Շրջաբերականի մեկ այլ կետով նշվում է, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը երբեք չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից, ուստի անհրաժեշտ է վիժեցնել այդ գործընթացը, իսկ նվազագույնը՝ խոչընդոտներ ստեղծել այդ գործընթացն առաջ մղելու ճանապարհին։ Ըստ իշխող խմբակցության պատգամավորների՝ այս ամենով է պայմանավորված նաև հոգևորականի գլխավորությամբ ձևավորված փողոցային պայքարը, որը արդեն իսկ ձախողվել է։


Արփի Դավոյանի խոսքով՝  փողոցում տեղի ունեցող իրադարձությունները տարբեր տեսակի հոգևորականների ներկայությամբ հենց այդ շրջաբերականի կատարողականն են։ Մարդիկ պետք է  ապացուցեն, որ իրենք հավատարիմ են այդ շրջաբերականներին։


Ըստ Աղազարյանի՝  հունիսի 12-ի ԱԺ-ի մոտ տեղի ունեցածի նպատակը հենց այն էր, որ ներխուժեին ԱԺ, ու Աղվան Վարդանյանի ասած՝ 200 հոգին կատարեր իր սև գործը, իշխանությունը փոխվեր, ու ՌԴ-ի հետ դառնայինք քույր ու եղբայր։  


Civic.am-ը փորձեց կապ հաստատել նաև դաշնակցական այլ պատգամավորների հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։