Օգոստոսի 24-ին տեղի ունեցած «Ազգային առաջընթաց» կուսակցության համագումարին
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրված չի եղել, հետևապես չի մասնակցել
միջոցառմանը։ Այս մասին civic.am-ի հարցին ի պատասխան՝ արդյոք Հայկ Մարությանը հրավիրվա՞ծ
է եղել համագումարին, հայտնեց կուսակցության խորհրդի անդամ
Ռաֆայել Գրիգորյանը։ «Գիտեք, որ ինքը «Նոր ուժ» կուսակցություն է բացել, «Ազգային առաջընթաց»-ի
անդամ չէ, նա ուղղակի համագործակցել է կուսակցության հետ, եղել է 2023 թ. ՏԻՄ ընտրություններում
կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը, էդքան բան»,- նշեց Գրիգորյանը։ Նա
նաև հավելեց, որ Մարությանը չի հրավիրվել,
քանի որ «դա «Ազգային առաջընթաց»-ի համագումարն էր, իսկ Մարությանը այս կուսակցության անդամ չէ»։
Սովորաբար կուսակցությունների
համագումարներին մասնակցելու հրավերներ ուղարկվում են նաև այլ քաղաքական ուժերի՝ դիտարկմանը
Գրիգորյանն արձագանքեց. «Ոչ, հրավեր չի եղել, դա, կրկնում եմ, բուն «Ազգային առաջընթաց»-ի
համագումարն էր»։ Բացի Մարությանից՝ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների նույնպես,
ըստ մեր զրուցակցի հավաստման, համագումարին
մասնակցելու հրավերներ չեն ուղարկվել։
Հատկանշական է, որ «Ազգային առաջընթաց»-ի համագումարին ելույթ է ունեցել ԼՂ ԱԺ նախկին անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը
և, ինչպես կարելի էր ենթադրել, իրեն հատուկ բառամթերքով «քլնգել» ՀՀ գործող իշխանությանը,
ինչպես նաև ընդդիմությանը, վերջինիս անվանել «կլասիկ ապիկար»։ «Իշխանություններից հետ չի մնում
նաև, այսպես ասած, տիտղոսակիր ընդդիմությունը, որը, բացի պաթոսից և ճռճռան բառամթերքից,
որևէ իրատեսական ճանապարհ չի կարողանում առաջարկել և թաղի կնանիքի առոգանությամբ զբաղված
և կենտրոնացած է զուտ գործող իշխանությունների հասցեին բամբասելով»,- մասնավորապես
հայտարարել է «Ազգային առաջընթաց»-ի անդամ չհանդիսացող արցախցի գործիչը, որի ելույթը, ի դեպ, զետեղված
է կուսակցության պաշտոնական կայքում։
Նշենք, որ «Ազգային առաջընթաց»-ի
խորհրդի նախագահ է ընտրվել Հայկ Գրիգորյանը,
որն, ի դեպ, պլանավորել էր (նույնիսկ մի քանի անգամ հրապարակավ անոնսել)
2023-ի ՏԻՄ ընտրություններում կուսակցության
նախընտրական ցուցակը գլխավորելու, այն է՝ Երևանի քաղաքապետ դառնալու իր հավակնության
մասին, սակայն պլանները փոխվեցին, կուսակցությունը վերջին պահին «հայկափոխություն»
կատարեց՝ քաղաքապետի թեկնածու առաջադրեց Հայկին,
բայց՝ Մարության, որն այդ շրջանում դեռևս չէր
հիմնել իր սեփական կուսակցությունն ու քաղաքապետ դառնալու իր ամբիցիաներն իրականություն
դարձնելու համար, ըստ տեղեկությունների, «ծեծում» էր տարբեր քաղաքական ուժերի դռները։ Հայկ Մարությանին, իհարկե, չհաջողվեց ի կատար ածել
իր փափագը՝ 50+ տոկոս հավաքելով վերստին դառնալ Երևանի կառավարիչ, սակայն նրան իր նախընտրական
ցուցակի առաջին պատվավոր համարը հատկացրած՝
հանրությանն անհայտ քաղաքական ուժը կարողացավ մուտք գործել Երևանի ավագանու
կազմ և 14-հոգանոց խմբակցություն ունենալ։ Քաղաքապետ դառնալ չկարողացած, քաղաքապետ
Տիգրան Ավինյանի հրաժարականը պահանջած Մարությանը որոշեց չգլխավորել խմբակցությունը,
իսկ ամիսներ առաջ՝ փետրվարին, զրկվեց ավագանու
մանդատից, քանի որ Երևանի երբեմնի քաղաքապետը ավագանու մեկ նստաշրջանի ընթացքում բացակայել էր բոլոր քվեարկություններից։
Ի դեպ, հիշյալ խմբակցության ավագանու
անդամ Հայկ Գրիգորյանն իր ելույթում հատկանշական դիտարկում է արել՝ «քաղաքական տկարության» մեջ
մեղադրելով «այսպես կոչված՝ «տիտղոսակիր
ընդդիմությանը», որը արդեն մի քանի տարի է՝ «բացառապես խորացնում է
հիասթափություն հանրության շրջանում»։ «Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ
բնակչության մեծ մասը պարզապես հիասթափված է թե քաղաքական ուժերից, թե քաղաքական
գործընթացներից և չունի հավատ Հայաստանի ապագայի հանդեպ»։
«Ազգային առաջընթաց»-ի ոչ թե «կարգին», այլ «իսկական» Հայկը, մինչդեռ, անկեղծ
լինելու դեպքում կարող էր ուղղակի արձանագրել՝ բնակչության մեծ մասը չէր ճանաչում
իր ներկայացրած կուսակցությանը, հետևապես չէր էլ կարող վերաբերմունք արտահայտել
չճանաչված քաղաքական կազմակերպության նկատմամբ։ Հայկ Մարությանի հայտնի լինելն օգտագործելով
փորձեցին «большой куш» տանել, սակայն ստացան այն, ինչ ստացան՝ 43 հազար 797 քվե կամ 18.89%։ Իսկ ՔՊ-ն, հիշեցնենք, ստացավ 75 հազար 494 քվե՝ 32.57%։
Հ. Մ.