Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր
Նարինե Ավագյանի, շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի գույքի
բռնագանձման գործով դատական հերթական նիստը։
Քոչարյանների ներկայացուցիչները առարկեցին թույլատրել նիստը տեսա- և լուսանկարահանել։ Այս առարկությունը
դատարանը բավարարեց։
Հիշեցնենք, որ դատախազությունը պահանջում է Քոչարյաններից
բռնագանձել 20 միավոր
անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող
շենքերում, 2 տրանսպորտային միջոց, մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան
18 իրավաբանական անձերում, ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր,
շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված
փոխառություններ, շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի
ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված
միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:
Հիշեցնենք նաև, որ նույն դատարանում քննվում է նաև Սեդրակ
Քոչարյանի և նրա կնոջ ապօրինի համարվող գույքի բռնագանձման գործը՝ արդեն դատավոր
Կարապետ Բադալյանի վարույթում։
Այսօրվա նիստի ընթացքում նախ պաշտպանական կողմը միջնորդեց
«Թարգեթ գրուպ» ընկերությանը պատկանող գույքերի վրա դրված խափանման միջոցը մասնակի
վերացնել, որպեսզի ընկերությունը կարողանա օտարել 2018 թվականի արտադրության
«Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան, քանի որ ձեռք է բերվել լյուքս դասի «Լեքսուս»
մակնիշի ավտոմեքենա, իսկ ընկերությանը արդեն հին «Տոյոտա»-ն պետք չէ, բացի դրանից՝
լրացուցիչ ծախսեր է պահանջում։
Դատախազ Գևորգ Քոչարյանը չառարկեց։ Դատարանը որոշումը
կհրապարակի սահմանված ժամկետում։
Ապա դատարանն անցավ հայցի հիմքի և առարկայի պարզման փուլին։
Պատասխանողների ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հետաքրքրվեց դատախազից երրորդ անձանց՝
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին պատկանող գույքերի բռնագանձման իրավական
հիմքերի մասին։
Պատասխանողների ներկայացուցիչներ՝ Արամ Օրբելյանը,
Հարություն Հարությունյանը, Արթուր Հովհաննիսյանը
այս փուլում որդեգրել են ոչ թե իրենց պաշտպանյալների գույքի օրինականությունը վիճարկելու
տակտիկան, այլ՝ թե դատախազության կողմից ապօրինի որակված գույքը ում է պատկանում և
ումից պետք է բռնագանձվի։ Արամ Օրբելյանը հարցրեց՝ ի՞նչ փաստական հիմքով է ապացուցվում,
որ գույքը օրենքի տեսանկյունից պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, այլ ոչ, օրինակ, Սեդրակ
Քոչարյանին կամ Լևոն Քոչարյանին։
Դատախազ Գևորգ Քոչարյանն
ասաց, որ դիտարկել են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների եկամուտները, ուսումնասիրվել
են ծախսերը, և դրանք համադրելի չեն եղել։ Հետևաբար ենթադրվում է, որ չունենալով համապատասխան
եկամուտներ՝ նրանք չէին կարող նման ծախսեր իրականացնել, ու ենթադրվել է,
որ այդ ծախսերն իրականացվել են փաստացի Ռոբերտ Քոչարյանի ապօրինի միջոցներով։ Ինչո՞ւ
Ռոբերտ Քոչարյանի, որովհետև միայն նա կարող էր ապօրինի եկամուտներ գեներացնել՝ հաշվի
առնելով իր դիրքն ու զբաղեցրած պաշտոնը։
Արամ Օրբելյանը
հստակեցրեց հարցը՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքին, որ հայցադիմումում հստակ
նշվում է, որ, օրինակ, Լևոն և Սիրանույշ Քոչարյանները վարել են առանձին տնտեսություն,
բնակվել են առանձին՝ ինչպես Գայանե Քոչարյանն ու նրա ամուսինը՝ Վիգեն Չատինյանը։ Դատախազը
հղում արեց օրենքի նպատակին և տրամաբանությանը։ «Օրենքի նպատակը, տրամաբանությունն
այն է, որ եթե պաշտոնատար անձը կամ իր հետ փոխկապակցված անձը ունեն չհիմնավորվող ակտիվներ,
դա ուսումնասիրման շրջանակում պետք է ենթակա լինի բռնագանձման։ Դա կարող է իրականացվել
առանձին վարույթներով, բայց մեր պարզած հանգամանքների և դրանց ելակետային տվյալների
համադրմամբ հանգել ենք նրան, որ այն ամենը,
ինչ օրինական եկամուտներով չի հիմնավորվել, պետք է վերագրել Ռոբերտ Քոչարյանին։ Օրինակ՝
Լևոն Քոչարյանը, մեր համոզմամբ, չէր կարող ոչ մի տեղ չաշխատելով հարյուրավոր միլիոն
դրամներով ձեռք բերել «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը, կամ Սեդրակ Քոչարյանը չէր կարող
սիմվոլիկ աշխատավարձերով աշխատելով՝ հարյուրավոր միլիոն դրամներով
ձեռք բերել անշարժ կամ շարժական գույքեր, հետո էլ նվիրաբերել եղբորը կամ քրոջը։ Փաստարկները
բազմաթիվ են»,- ասաց Գևորգ Քոչարյանը։
Դատախազն ասաց,
որ կարող էին սեփական նախաձեռնությամբ առանձին ուսումնասիրություններ սկսել Քոչարյաններից
յուրաքանչյուրի մասով։ Սակայն դա լրացուցիչ տեխնիկական բարդություններ էր առաջացնելու,
լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր ավելացնելու, նաև ավելի մեծ ռեսուրս էր պահանջվելու
բոլորից։ Հաշվի առնելով, որ անձինք փոխկապակցված են, նպատակահարմար է համարվել արհեստական
բաժանում չանել, քանի որ օրենքի նպատակը ապօրինի գույքի բռնագանձումն է։ «Այս գործով
պատասխանողներից բոլորից բռնագանձման հիմք կա»,- ասաց Գևորգ Քոչարյանը։ Չնայած որ օրենքի
իմաստով ապօրինի համարվող գույքերն ու դրամական միջոցները պատկանում են Ռոբերտ Քոչարյանին,
սակայն բռնագանձման պահանջ է ներկայացված նաև Ռ. Քոչարյանի ընտանիքի անդամներին, քանի
որ այդ գույքերը գտնվում են նրանց տնօրինման ներքո։ «Ինչը ապօրինի է, վերագրվում է
Ռոբերտ Քոչարյանին։ Օրենքի նպատակը ապօրինի միջոցները բռնագանձելն է»,- ասաց Գևորգ
Քոչարյանը։
Դատախազության վարկածով՝ ապօրինի գույք գեներացնելու ֆիզիկական հնարավորություն ուներ բացառապես Ռոբերտ
Քոչարյանը։
Ապա դատարանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։
Ընդմիջումից հետո Արամ Օրբելյանը միջնորդեց նիստը
շարունակել դռնփակ ռեժիմով։ Այն քննարկվեց դռնփակության ռեժիմով։ 10 րոպե տևած քննությունից
հետո նիստը շարունակվեց դռնբաց ռեժիմով։
Դատախազը չբացառեց, որ բացի Ռոբերտ Քոչարյանից՝ ապօրինի եկամուտ կարող էին գեներացնել նաև նրա ընտանիքի մյուս անդամները։ Սակայն
ավելի հավանական համարեց, որ դրա հնարավորությունն ունեցել է Ռոբերտ Քոչարյանը։ «Նրանցից
յուրաքանչյուրը կարող էր առնվազն մեզ անհայտ գործունեության արդյունքում ստանալ ապօրինի
եկամուտ՝ դա կլինի հարկերից խուսափելու տեսքով, իրենցից բոլորից հեռու՝ թմրամիջոցների
շրջանառության միջոցով»,- ասաց նա։
Այստեղ Օրբելյանը ընդհատեց դատախազին. «Դա բացառվում
է, տեսականորեն նույնիսկ չքննարկենք»։
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն այլևս հարցեր չուներ։
Միայն խնդրեց՝ նույնիսկ պոտենցիալ, հիպոթետիկ օրինակները, որոնք քննարկվում են, պահվեն
կոռեկտության շրջանակներում՝ նկատի ունենալով դատախազի օրինակը թմրամիջոցների մասին։
«Հարկերից խուսափելը թույլատրելի է, իսկ...»,- արձագանքեց
Գևորգ Քոչարյանը։ Ի պատասխան Օրբելյանն ասաց. «Չէ, դա նույնպես, ապօրինի գույք ձևակերպումով
ենք խոսում, քննարկման առարկա կարող է լինել, բայց ոչ հանցավոր գույք»։ Պնդեց՝ իր վստահորդները
հանցավոր գույքի հետ չեն կարող առնչություն ունենալ։
Դատախազն էլ անդրադարձավ Օրբելյանի հրավիրած հանգամանքներին։
Պաշտպանը մատնանշում էր, որ Ռ. Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը և դուստրը վարել են առանձին
տնտեսություն, որի մասին նշված է նաև դատախազության հայցադիմումում։ «Առանձին տնտեսություն
վարելը հարաբերական հասկացություն է։ Մենք, այո՛ ասել ենք, որ առանձին տնտեսություն
են վարել, բայց ասել ենք այն տրամաբանությամբ, որ իրենք առանձին են բնակվել... բայց
այդքանով հանդերձ՝ որտե՞ղ է բնակվում Լևոն Քոչարյանը՝ Սեդրակ Քոչարյանի
կնոջ կողմից ձեռք բերված և Լևոն Քոչարյանին նվիրաբերված բնակարանում։ Որտեղի՞ց են ստանում
Լևոն և Գայանե Քոչարյանները գումարներ՝ Սեդրակ
Քոչարյանի կողմից ձեռք բերված ընկերության և նրանց նվիրատվությամբ փոխանցված մասնակցություններից։
Որտեղի՞ց է ստանում Լևոն Քոչարյանը եկամուտ՝ «Նաիրի ինշուրանսից», որը ձեռք է բերվել
Սեդրակ Քոչարյանի կողմից... մենակ 31 կետ նշված է այս անձանց մեջ կատարված գործարքների
մասին»,- ասաց Գևորգ Քոչարյանը։
Դատախազը նկատի ուներ, որ չնայած Լևոն և Գայանե
Քոչարյանները առանձին են բնակվել, սակայն շատ ավելի միասնական, համատեղ տնտեսություն
են վարել, բիզնես գործունեություն իրականացրել, քան շատ ընտանիքներ, որոնք համատեղ
են ապրում։
Այս խոսքից հետո Արամ Օրբելյանի մոտ կրկին հարցեր
առաջացան, ասաց. «Այս փուլի իմաստը ոչ թե հրապարակայնություն ապահովելն է կամ ժուռնալիստների
համար ինչ-որ բան ցույց տալը, այլ ինձ համար պարզաբանելը՝ ի՞նչ իրավական կամ փաստական
հիմքի վրա է նշված, որ ապօրինի գույքերը պատկանում են Ռոբերտ Քոչարյանին»։
Դատախազ Համլետ Հարությունյանը նկատեց. «Ես որոշակի
հասկանում եմ՝ սա տակտիկական մոտեցում է։ Հա՛, մենք ասել ենք, որ առանձին տնտեսություն
են վարում։ Հա՛, մենք ասել ենք՝ «Տոյոտա» մեքենան ձեռք բերելիս դրամական միջոցներ չուներ
ձեռք բերող անձը։ Հա՛, առանձին փաստ կա վկայակոչված, որ Լևոն Քոչարյանը բնակվում է
Սեդրակ Քոչարյանի նվիրաբերած բնակարանում։ Այս բոլոր փաստերը առանձին վկայակոչված կան,
և դուք վերցնում եք այս փաստերը՝ առանձին վկայակոչված, ու ասում եք՝ հարցնում եմ, Ռոբերտ
Քոչարյանին ինչ հիմքով եք իրական շահառու համարել, մեզ ասում են, որովհետև գույքը ձեռք
բերելու համար մյուսները գումար չեն ունեցել։ Բայց մենք նման բան չենք ասել։ Մենք ասում
ենք՝ այդ բոլոր փաստերը համադրության մեջ է պետք դիտարկել»։
Դատախազ Հարությունյանն ասաց, որ առանձին մեկ փաստ
վերցված պնդել, որ դրա հիման վրա է դատախազությունը հանգել, որ պահանջվող գույքերի
իրական սեփականատերը Ռոբերտ Քոչարյանն է՝ չի կարելի, բայց բոլոր փաստերը համադրելիս
դատախազությունը գալիս է այդ եզրահանգմանը։
Սեդրակ Քոչարյանի և կնոջ՝ Զարուհի Բադալյանի ներկայացուցիչ
Հարություն Հարությունյանը գրեթե նույն հարցերն ուներ դատախազներին։ Հարցրեց՝ արդյոք
դատախազությունն ուսումնասիրե՞լ է՝ Զարուհի Բադալյանը մինչև ամուսնանալը ի՞նչ գույք
է ունեցել, որքա՞ն կանխիկ գումար է ունեցել։ Դատախազն ասաց, որ մինչ ամուսնանալը ունեցած
գույքը դատախազությունը օրինական է համարել։ Համարել է, որ դրանից առաջ եղած փաստերը
չեն ստուգել, քանի որ իրենց ուսումնասիրության շրջանակներից դուրս է։ Իսկ թե որքա՞ն
կանխիկ գումար է ունեցել՝ տվյալներ չեն եղել։ Հայրական ընտանիքի գույքի, ունեցվածքի
ուսումնասիրություն չի եղել, նրանց գույքերը դատախազության մոտ կասկածներ չեն հարուցել
ու դիտվել են որպես օրինական գույք։ Զարուհի Բադալյանը մեկ անշարժ գույք է նվիրատվություն
ստացել իր ընտանիքից, որը օրինական է համարվել։
Այսքանով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ
դատական նիստի օր նշանակվեց սեպտեմբերի 24-ը։
Վովա Հակոբյան