Այս տարի սեպտեմբերի 14-ին, ժամը
14-ին, Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում նախատեսված է բողոքի ակցիա՝ Գարեգին Բ-ի գահընկեցության
պահանջով։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Տեր Սահակ քահանա Գալստյանը։ Բողոքի ակցիան
նախաձեռնել է հենց Տեր Սահակը։
«Այնտեղ պիտի պարտադրենք արտահերթ
եպիսկոպոսական ժողով, որպեսզի Գարեգինին եկեղեցուց գահընկեց անենք։ 96-թերթանոց դիմումներ
եմ տվել։ Ես կոչով դիմում եմ իրավապահ համակարգին, որպեսզի վերջապես ստուգեն, և ըստ
այդմ, օրենքի շրջանակներում գործ հարուցվի։ Այս մարդը պետք է պատժվի, նա թալանել է
ամբողջ Էջմիածինը։ Ես ունեմ հիմնավոր կասկածներ»,- ասաց Տեր Սահակը։
Նա նշեց,
որ այդ ցույցին կարող է մասնակցել ցանկացած մարդ, և իր համար կարևոր չէ, թե այդ մարդը
որ կուսակցությունից է. եկեղեցին բոլորի համար է։
«Այստեղից նաև դիմում եմ կուսակցություններին
և հասարակական կազմակերպություններին, որոնք բազմիցս դատապարտել են Գարեգին Բ չկաթողիկոսին՝
տարբեր տաղավարներից։ Իրենք էլ թող միանան, մենակ նստել խոսելով չէ, իրենց Մայր եկեղեցին
է այսօր առևանգված սատանաների կողմից։ Այս մարդիկ սատանայի մարմնացում են, իրենք պարզ
մարդիկ չեն, Գարեգինն ու Եզրասը։ Նրանք ամբողջ
հոգևորական դասը ստրկացրել են։ Այստեղից արքեպիսկոպոսներին և եպիսկոպոսներին էլ եմ
դիմում, որպեսզի իրենք էլ միանան և իրենց տղամարդու ազնիվ քայլն անեն, վերջապես թոթափեն
այդ շղթաները, և նրան գահընկեց անենք։ 14-ին Գարեգինը պետք է գնա իր տունը։ Թե դրանից
հետո իրավապահներն ինչ կանեն, Աստված տա, որ կարգի հրավիրեն, այսինքն՝ պատժեն օրենքին
համահունչ։ Այ սա է իմ խնդիրը, եկեղեցին մաքրելը»,- հավելեց Տեր Սահակը։
Լիլիթ Թադևոսյան