Կրթությունը ուրախություն, ոչ թե պարտադրանք. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կարևորում են սովորողի ինքնուրույնությունը

Նոր ուսումնական տարին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսվում է արդեն ավանդույթ դարձած ազգային երգուպարով։ Ընդ որում, երգուպարին մասնակցում են ոչ միայն աշակերտներն ու ուսուցիչները, այլև ծնողները։


Մեզ հետ զրույցում կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի ղեկավար Գոհար Բալջյանն ասաց, որ իրենց կրթահամալիրը սիրում են այն մարդիկ, ովքեր առաջադեմ կրթության կողմնակիցներ են, ովքեր կարևորում են սովորողի ազատ մտածողությունը, ինքնուրույնությունը։ Այս կրթահամալիրը նաև առանձնանում է նրանով, որ այստեղ ամեն ինչ անում են, որ սովորողները լինեն լավ քաղաքացիներ, արժանի քաղաքացիներ։


«Եվ բնականաբար, չեմ կարծում, որ այդ տեսակ մարդը, ով ցանկանում է, որ իր երեխան լինի տրամաբանող, մտածող, ազատամիտ, չսիրի մեր կրթահամալիրը։ Սովորողները շատ ճամփորդում են, այնպիսի միջավայրում են, որ ստեղծագործում են, տրամաբանում են, իրենց կարծիքը միշտ հարգում ենք, կարևորում ենք, ու սա շատ կարևոր է  մարդու զարգացման հարցում»,- ասաց Գոհար Բալջյանը։ 


Կրթահամալիրի երաժիշտ Սեդա Թևանյանն էլ ասաց, որ իրենք ունեն ուսումնական օրացույց, որում զետեղված են ամբողջ տարվա իրենց անելիքները: Դրանում կարևոր դեր են կատարում հայկական ծեսերը, այն ծեսերը, որոնք կատարվել են նախկինում։


«Մենք սովորում ենք ծիսական երգերը, սովորում ենք, թե ինչ էին պատրաստում, սովորում ենք այնտեղի խոսքերը, ասիկները, բարեմաղթանքները և սկսած հունվարից մինչև ամառ՝ նշում ենք ծիսական բոլոր տոները։ Մեզ մոտ համերգ չի լինում, այլ լինում է ծիսական օր՝ ծնողների և երեխաների հետ»,- ասաց Սեդա Թևանյանը։


Մենք զրուցել ենք նաև այս տարի առաջին դասարան եկող աշակերտների ծնողների հետ՝ հասկանալու համար, թե ինչու են նրանք ընտրել հենց այս կրթահամալիրը։


«Ընտրեցինք հենց իր բաց, ազատ միջավայրի համար։ Քանի որ կարևորում ենք, որ կրթությունը դառնա ուրախություն, ոչ թե պարտադրանք, որ երեխան ուրախությամբ գնա դպրոց և ուրախությամբ սովորի իր բաց միջավայրով, իր ազատությամբ։ Դա շատ կարևորել ենք։ Առավելությունը իր միջավայրն է, իր ազատությունն է, ընկերությունն է՝ ուսուցիչների և սովորողների միջև, երեխային որպես ինքնուրույն անձ դիտարկելը՝ իր առանձնահատկություններով, իր նախասիրություններով։ Կարծում եմ՝ սրանք առանցքային դեր ունեն կրթության մեջ»,- ասաց ծնողներից մեկը։   

Այսօր առաջին դասարան եկող երեխաներից շատերն արդեն ծանոթ են կրթահամալիրի կանոններին, քանի որ հաճախել են նույն կրթահամալիրի պարտեզը և արդեն բավականաչափ գիտելիքներով են մտնում դպրոց։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան