ԵՄ դիտորդները զսպիչ դեր ունեն․ Բաքուն իրավունք չունի միջամտելու ՀՀ ներքին գործերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո պաշտոնական Բաքուն, արձագանքելով վարչապետի մի շարք հայտարարություններին, նշեց, որ «Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պահպանում է հավակնություններ Ադրբեջանի տարածքի նկատմամբ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում խաղաղության, կարգավորման գործընթացի համար»։ Վարչապետը նշել էր, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևաններից, միաժամանակ նշել, որ եթե այդպես դիտարկենք, ապա Ադրբեջանի Սահմանադրությունն էլ տարածքային պահանջներ է պարունակում իր հարևանների նկատմամբ։ Բայրամովը, արձագանքելով, նշեց, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային նկրտումներ չկան հարևան որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ որևէ պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ։ «Աչքաթող է արվում ՀՀ անկախության հռչակագրի հետևյալ կետը, որ Սովետական Հայաստանը վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն՝ շատ հստակ կերպով ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունը Սովետական Հայաստանի իրավահաջորդն է, ինչը ինքնին բացառում է որևէ տարածքային պահանջ»,- ասաց Ջուլհակյանը։


Ադրբեջանը, այսպիսով, ըստ պատգամավորի, տարբեր պատրվակներ է փորձում գտնել՝ խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար։


Բաքվից նաև անդրադարձել էին ԵՄ դիտորդներին՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը բավարար հիմք է ԵՄ դիտորդներին ՀՀ տարածքներից հեռացնելու համար։ Պատգամավորը նկատեց, որ Բաքուն գործելաոճ է դարձրել ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձերը, ինչն անընդունելի է։ Հայաստանը ինքն է որոշում, թե իր տարածքում ինչ ուժեր տեղակայվեն։ «Դիտորդները այնտեղ ինքնանպատակ չեն կանգնած։ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, որ Հայաստանը բախումներ է նախապատրաստում, հրադադարի ռեժիմն է խախտում։ ԵՄ դիտորդների տեղակայումից հետո տեսել են նաև, որ հրադադարի ռեժիմի խախտումները Ադրբեջանի կողմից էականորեն նվազել են։ ԵՄ դիտորդների ներկայությունը զսպող ազդեցություն է ունեցել ու իրավիճակի կայունացման վրա զգալի ազդել է։ Պարզ է՝ եթե ունենանք սահմանազատված սահման, փոխվստահության մակարդակը այնպիսի աճ գրանցի, որ դիտորդների կարիքը չլինի, ԵՄ դիտորդներն էլ կհասկանան, որ իրենց ներկայությունն այլևս անիմաստ է։ Ցավոք, այժմ, մեր հարևանը մեզ թույլ չի տալիս այդ վստահությունն ունենալ, որ իրենք այլևս սադրիչ գործողությունների չեն դիմի։ Իրենցից է կախված»,- ասաց Ջուլհակյանը։


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ Հայաստանին անվանել էր «օկուպանտ երկիր»՝ նշելով, որ «սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:



Հիքմեթ Հաջիևը, հիշեցնելով, որ Իրաքի և Քուվեյթի պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ են կիրառվել՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ, ընդգծել էր. «Մենք գտնում ենք, որ նմանատիպ սահմանափակումներ պետք է կիրառվեն նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»։


Ջուլհակյանն ի պատասխան ասաց. «Մենք էլ ենք շատ անհանգստանում, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, սպառազինություններ ձեռք բերել։ Մենք առաջարկել ենք փոխադարձաբար վերահսկողական մեխանիզմներ սահմանել, սակայն Ադրբեջանը չի արձագանքել դրան։ Չի կարող դա միակողմանի լինել։ Եթե խոսում ենք խաղաղության մասին, դա պետք է լինի երկկողմանի գործընթաց։ Չի կարող Ադրբեջանը միակողմանի պահանջներ ներկայացնել ու հույս ունենալ, որ այդ պահանջները պետք է բավարարվեն։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սուվերեն պետություն, ունի իրավունք իր սեփական տարածքն ու ժողովրդին պաշտպանելու համար ձեռք բերել սպառազինություն, ուժեղացնել իր բանակը։ Դա մեր իրավունքն է, և այդ իրավունքից մենք չենք պատրաստվում հրաժարվել»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան