«Բառախաղը ոչ մի լավ բանի չի հանգեցնի». Զախարովան հուսով է՝ Հայաստանի հետ գործընկերությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում լիովին կվերականգնվի

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի հետ գործընկերությունը ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի, ինչը բխում է թե՛ հենց իր՝ Հայաստանի, թե՛ ամբողջությամբ վերցրած տարածաշրջանի շահերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում։ 


«Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտականությունները: Հայաստանի ղեկավարությունը հենվում է նման փոխգործակցությունից հեռանալու գծի վրա, որը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին»,- ասել է Զախարովան


Նրա խոսքով՝ բառախաղը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հատկապես եթե հաշվի առնվի, որ տարածաշրջանին բաժին են ընկել ոչ քիչ փորձություններ։


Նա նաև ընդգծել է, որ յուրաքանչյուր հայտարարության, արտահայտության հետևում ոչ միայն պետք է թաքնվի իմաստ, ինչը չափազանց կարևոր է, իսկ եթե այն ասվում է պաշտոնատար անձի կողմից՝ նաև պատասխանատվություն, ոչ միայն ասվածի, այլ նաև հետևանքների համար: