ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման, այն է՝ խաղաղության պայմանագրի կյանքի կոչման հարցում պաշտոնական Բաքվի ցուցաբերած դեստրուկտիվ, կամակոր, աբյուզիվ վարքագիծը, թերևս համաձայնեք, միայն այդ երկրի «անձնական նախաձեռնությամբ» չէ, որ ցուցաբերվում է։ Այս՝ «անհուսալի բանակցողի» սինդրոմը, ակներևաբար, Ադրբեջանի ղեկավարի վրա այլ պետությունների ունեցած ազդեցության հետևանք է, որոնք Ալիևի բերանով բարբառում, ձեռքերով էլ փորձում են կատարել գործողություններ, որոնց առանցքում այս բոլորի ընդհանուր շահն է։ Խոսքն առավելապես ՀՀ դաշնակից ՌԴ-ի և ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ գտնվող Թուրքիայի մասին է։ Ալիևը մասնավորապես 2020-ի պատերազմից հետո այլևս հանդես է գալիս այս երկուսի փոքր եղբոր ու տաքարյուն ընկերոջ կարգավիճակում, որի միջոցով կարելի է Հայաստանին ճնշել ու զիջումներ կորզել, լկտիաբար մեղադրել սաբոտաժի մեջ, բան հասկացնել, բան պարտադրել՝ «Զանգեզուրի միջանցքից» մինչև ՀՀ Սահմանադրության փոփոխում։
Ալիևի բերանով վերջին օրերին բարբառվող հերթական պահանջ-պարտադրանքն էլ վերաբերում է ՀՀ-ում Ադրբեջանի հետ սահմանին
տեղակայված ԵՄ դիտորդներին «ցտեսություն»
ասելուն։ Պատահական չէ, որ այդ մասին
Բաքվի ղեկավարը սկսեց բարձրաձայնել այն բանից հետո, երբ պատիվ ունեցավ իր հարկի
տակ գիրկընդխառն ընդունելու ՀՀ դաշնակից
երկրի նախագահին։ (Նախքան այս, նկատենք,
Ալիևը զուսպ էր արտահայտվում ԵՄ դիտորդների մասին խոսելիս)։
Գաղտնիք չէ, որ ԵՄ դիտորդների տեղակայումը «կոշտ ոսկոր» է դաշնակից
երկրի կոկորդին և ոչ մի կերպ չի իջնում՝ ստիպելով վերջինիս ամեն կերպ ազատվել իրեն
խեղդամահությամբ սպառնացող «чужеродный предмет»-ից։ Եվ մեկ
անգամ չէ, որ այդ երկրի տարբեր ռանգի
չինովնիկներ՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա,
փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին,
Ադրբեջանում ՌԴ դեսպան և այլք, աղաղակել
են՝ ԵՄ դիտորդները «ֆու» են, դրանց նպատակը ոչ թե հայ-ադրբեջանական սահմանը
դիտարկելն է, այլ՝ լրտեսությամբ զբաղվելը, ավելին՝ դրանց տեղակայումն ունի աշխարհաքաղաքական աստառ,
որի նպատակը տարածաշրջանից Ռուսաստանին
դուրս մղելն է՝ «որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը թուլացնելու համար»։
Այսօր էլ հայտնի դարձավ, որ իր գործընկերների «ճիչերին» ձայնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու թութակել գրեթե նույն
ցնդաբանությունը՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը մոնիթորինգի անվան տակ
զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ հակազդելու
Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին։ «Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր կարող էին կրճատվել,
եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջնորդությամբ Ադրբեջանի հետ
սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների փաթեթ իրականացնելու առաջարկին»,-
ասել է Կոպիրկինը՝ «Союзники. ОДКБ»-ի («ՀԱՊԿ. Դաշնակիցներ») հետ զրույցում։ Նա նշել
է, թե խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ «ռազմատեխնիկական աջակցության,
դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում աջակցության.
« Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին
էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ հետախուզություն
է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ»։ Դեսպանը չի մոռացել նաև հիշեցնել՝
Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնորդած կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ։ «Պարոն Կոպիրկինը
խորը մոլորության մեջ է»,- արձագանքելով ՌԴ դեսպանի «ահազանգին»՝ հայտարարել է ՔՊ խմբակցության
պատգամավոր Արման Եղոյանն ու իր հերթին նկատել. «ՌԴ
դեսպանը շատ սխալ տեղեկություն և շատ սխալ պատկերացում ունի ընդհանրապես ՀՀ-ում ԵՄ
դիտորդական առաքելության մասին, և ընդհանրապես ոչ բոլոր օտար ներկայություններն են
որևէ պետությունում, որ զբաղված են հետախուզական տվյալներ հավաքելով»։ Նկատենք, որ
միայն Կոպիրկինին ու Ադրբեջանին չէ, որ ԵՄ դիտորդների տեղակայման հանգամանքը
դիսկոմֆորտ է պատճառում, նրանք, ինչպես ասում են, մենակ չեն անզեն դիտորդների հասցեին զրպարտախոսելիս։ ՀՀ-ում վերջիններս ունեն
դիտորդների ցավով նույնչափ տառապող
հայազգի գործընկերներ՝ ի դեմս «5-րդ շարասյան» և դրանց մանդատակիր ներկայացուցիչների, որոնք այս ողջ ընթացքում նույնչափ
ջանադրաբար, որչափ տեր և տիկին զախարովաները,
գանահարել են Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ի հանդիպման արդյունքներով ձեռք բերած
այս պայմանավորվածությունը։ Ավելին, ԵՄ դիտորդների տեղակայման հանգամանքը դիտարկել
ոչ թե ՀՀ-ի շահերից բխող ձեռքբերում, այլ «ՀՀ-ն աշխարհաքաղաքական բախումների
թատերաբեմ դարձնելու արկածախնդրություն»։
Ինչ
վերաբերում է Կոպիրկինի վերոհիշյալ դիտարկմանը, մասնավորապես ՀԱՊԿ
դիտորդների հետ կապված, ապա հիշեցնենք՝ ԵՄ
դիտորդների տեղակայման գործընթացին զուգահեռ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիային այդպես էլ գնահատական
չտված այդ կառույցի կողմից՝ ի դեմս մասնավորապես ՌԴ-ի, քանիցս պատրաստակամություն
է հնչել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների տեղակայման վերաբերյալ։ Մասնավորապես 2023-ի
ապրիլի կեսերին պաշտոնական Մոսկվան վերստին հայտնեց՝ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված
են Երևանից, գնդակը Երևանի դաշտում է։ Այդ ժամանակ էլ, ի դեպ, պարոն Կոպիրկինը «Ազատության»
հետ զրույցում լակոնիկ արձագանքել էր՝ «Երևանի պատրաստ լինելու դեպքում մենք
կգանք»։ Մինչդեռ նկատենք, որ նախքան ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը
քննարկելը Երևանը պահանջել էր, որ Ռուսաստանի գլխավորած ռազմական այդ դաշինքը դատապարտի
2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը
Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչն այդպես էլ չկատարվեց։
Ինչ վերաբերում
է ռուսական կողմի անհիմն ու անփաստարկ պնդումներին՝ ԵՄ դիտորդների իբրև թե լրտեսությամբ զբաղվելու առնչությամբ, ապա նկատենք, որ շատ փորձագետներ
նույն կասկածներն ու մտավախություններն ունեին (ունեն) հենց ՀԱՊԿ դիտորդների մասով՝
դրանց տեղակայումը ՀՀ-Ադրբեջան սահմանին «հակացուցված»
համարելով հատկապես Հայաստանի համար։ Ինչո՞ւ,
որովհետև ՀԱՊԿ-ը մի կառույց է, որում ներգրավված
են հստակ թյուրքական ազդեցության ներքո գտնվող պետություններ, օրինակ՝ Ղրղզստանը, որոնք
չեն էլ թաքցնում իրենց աֆիլացվածությունն Ադրբեջանի հետ։ Դե իսկ Բելառուսի նախագահ
Լուկաշենկոն իր «հայաստանասիրությամբ» ամեն անգամ նոր «ռեկորդ» է սահմանում։ Հաշվի
առնելով հնարավոր հետախուզական, պետական գաղտնիք պարունակող տվյալներին տիրապետելը
կամ, որպես դիվանագիտական անձինք, պետական գաղտնիքի պահպանման հետ կապված՝ ՀՀ
օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից ազատ լինելը նրանց կարող է
հնարավորություն տալ հավաքել փաստեր, այդ թվում՝ հետախուզական բնույթի, և դրանք
հետո փոխանցել Ադրբեջանին և Թուրքիային։
ՀՀ-ում, այո, կարող
են առաքելություն իրականացնել մեր այն դաշնակիցներն ու գործընկերները, որոնց
դիրքորոշումն աներկբա է ՀՀ տարածքային ամբողջականության ու սահմանների
անխախտելիության վերաբերյալ։ Անատամ, լղոզված դիրքորոշումներով հանդես եկող
սուբյեկտները որևէ բարոյական և իրավական հնարավորություն չպետք է ունենան
ներգրավվածություն ունենալու ՀՀ սահմանները դիտարկելու պատասխանատու աշխատանքին։
Հ. Մանուկյան