Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի:


Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:


Մշակութային կրթության տարվա մեկնարկի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար, որտեղ շահառու ուսումնական հաստատություններին կներկայացվի մարզի մշակութային ներուժը:


Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում նախատեսվում է մեկ հարթակում միավորել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնք մեկ տարվա կտրվածքով շահառուներին կներկայացնեն իրենց ծրագրերը:


Մարզերում կրթամշակութային էքսպոները կանցկացվեն հետևյալ վայրերում՝


Արարատի մարզ - ք. Արտաշատ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն,


Արագածոտնի մարզ - ք. Աշտարակ, Աշտարակի մշակույթի պալատ / Աշտարակի դրամատիկական թատրոն,


Արմավիրի մարզ - ք. Էջմիածին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան,


Կոտայքի մարզ - ք. Հրազդան, Կոտայքի երկրագիտական թանգարան,


Շիրակի մարզ - ք. Գյումրի, Կումայր պատմամշակութային արգելոց-թանգարան,


Լոռու մարզ - ք. Վանաձոր, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն,


Տավուշի մարզ - ք. Դիլիջան, Դիլիջանի երկրագիտական թանգարան,


Սյունիքի մարզ - ք. Գորիս, Ակսել Բակունցի տուն-թանգարան,


ք. Կապան, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թանգարան,


Գեղարքունիքի մարզ - ք. Գավառ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարան,


Վայոց ձորի մարզ - ք. Եղեգնաձոր, Եղեգնաձորի պատկերասրահ:


Նախարարությունն ակնկալում է դպրոցականների և ուսուցիչների ակտիվ մասնակցությունը:


Միաժամանակ հայտնում ենք, որ Երևանում «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավը կանցկացվի առանձին: