Ապօրինի զենք կրելու համար ձերբակալված Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ազատ է արձակվել․ մեղադրանք է առաջադրվել վերջինիս վարորդին
Մարտի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Crauser մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա։ 

Ոստիկաննները Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին։ Վերջինս եղել է վարորդը, ում անձնական խուզարկությամբ ձեռքի պայուսակում հայտնաբերվել էր 9մմ տ/չ «Մակարով» տիպի առանց գործարանային համարի մարտական ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 8 փամփուշտ: 

Մեր տեղեկություններով, Գ․Մանուկյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, իսկ Ա․ Կիրակոսյանը` վերջինիս վարորդը։

ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նշված դեպքի առթիվ երկու անձ ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ ապօրինի զենք կրելու հանցավոր արարքի կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով․ նրանցից մեկի մոտ էր հայտնաբերվել զենքը։ 

«ՀՀ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է քննություն։ Նշված անձանցից մեկն ազատվել է արգելանքից, մյուսին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը», - ասաց նա։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ մեղադրանք ներկայացվել է վարորդին՝ Արսեն Կիրակոսյանին։