ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
այսօր գրառում է կատարել, որում մասնավորապես ասել է. «Համոզմունքս այն է, որ մեր ժողովուրդը
շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Իրական Հայաստանի: Բայց մենք՝ տարբեր
ժամանակներում կառավարողներս, նրան չենք լսել, այլ ըստ էության մեր ժողովրդին պարտադրել
ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ: Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք
մեր ժողովրդից, ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, որը մեկնաբանել է, թե ինչ ենթատեքստով է
սա ասված։
«Հավանաբար իրական և պատմական
Հայաստանների միջև վարչապետի կողմից առաջարկված խոսույթի ենթատեքստում այնուամենայնիվ պետք է նշել, որ պետությունը կենդանի
օրգանիզմ է և, քաղաքական գիտության հետ ծանոթ լինելով, անհրաժեշտ է հասկանալ և գիտակցել,
որ ժողովրդի բարեկեցիկ ապրելու, պետության հզորացման, առաջընթացի զարգացման անմերժելի
պայմանն է։ Այն, որ պետությունը ժամանակի ընթացքում կարող է մեծանալ, կարող է ժամանակի
ընթացքում փոքրանալ, ինչն ապացուցվում է մեր պատմության բազմաթիվ դրվագներով։ Եվ դա
ոչ թե կապված է նրա հետ, որ Հայաստանի ժողովրդին խաբել են, ինչպես նշում է Փաշինյանը,
այլ կապված է պետության բնական զարգացման գործընթացի հետ»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Վերջինս նշեց, որ այդուհանդերձ
պետք է անպայմանորեն շեշտել, որ մեկը մյուսին չի հակասում, և եթե ՀՀ ժողովուրդը ապրի
բարեկեցիկ, զարգանա, ժողովրդագրական խնդիրները լուծվեն, մարդկանց քանակն ավելանա՝ ամենակարևորը,
ապա հավանականություն կա, որ ժամանակի ընթացքում ՀՀ սահմանները կարող են մեծանալ, և
ընդհակառակը՝ եթե ՀՀ ժողովուրդը վատ ապրի, արտագաղթի, բնակչությունը նվազի, սոցիալական
խնդիրները վատանան, ապա շատ հնարավոր է՝ ՀՀ տարածքը փոքրանա։
«Կարծում եմ՝ վարչապետի հայտարարությունը
ներքաղաքական է, կապված է Հայաստանի հասարակության մեջ որոշակի մոտեցումներ ձևավորելու
նպատակի հետ, կապված է Հայաստանի ներսում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն
ավելի հասկանալի դարձնելու հետ, և կարծում եմ՝ այդ ենթատեքստը, որ եթե ՀՀ ժողովրդի
բարեկեցությունը ապահովվի, ապա ՀՀ-ն կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել, բայց պարտադիր
չէ, որ այդ խնդիրների մեջ լինեն պատմական Հայաստանի
ինչ-որ տարածքներ ազատագրելը։ Կարծում եմ՝ այդ ենթատեքստը կարմիր գծի, կարմիր թելի
ձևով անցնում է գրառման մեջ»,- ասաց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան