«Հանրային օրակարգի պաշտպանություն» հանրային վերահսկողության և իրազեկման հասարակական կազմակերպությունը հայտարարությամբ դիմել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին և ՀՀ Ոստիկանության պետ - ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանին՝ բռնություն գործադրելու մասին հանրային կոչերի կապակացությամբ։
Հարգելի պարոնայք,
Ինչպես տեղյակ եք, երեկ՝ 04․04․2023թ․-ին, ՀՀ Ազգային ժողովի դիմաց, տեղի է ունեցել հանրահավաք, որի ընթացքում հնչել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանդեպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր՝ պայմանավորված նրանց քաղաքական կամ այլ հայացքներով, փորձեր են արվել նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և/կամ քարոզելու, ինչպես նաև նույն անձանց հանդեպ հնչել են վիրավորանքներ։
Օրինակ՝ բեմ բարձրացած անձանցից մեկը հայտարարել է, մեջբերում եմ՝ «պետք է այս քաղաքի ծառերից գլխիվայր կախվեն բոլոր նիկոլական թուրքերի մարմինները»։
Ընդ որում նույն հանրահավաքի ընթացքում նշված զանցանքները և/կամ արարքները կրկնվել են պարբերաբար և տևական ժամանակ՝ այդտեղ ներկա բազմաթիվ ոստիկանների ներկայության և, փաստացի, անգործության պայմաններում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 25-րդ, 29-րդ, 51-րդ, 53-րդ և 77-րդ հոդվածներով
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝
1) հանձնարարել տեղեկություններ տրամադրել այն մասին թե ՀՀ ոստիկանության կողմից ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել սույն հայտարարությամբ նշված արարքները և/կամ զանցանքների կատարումն անմիջապես կասեցնելու և դրանց կրկնությունը նույն հանրահավաքի ընթացքում կանխելու ուղղությամբ,
2) եթե սույն հայտարարության առաջին կետով նշված միջոցները ձեռք չեն առնվել, ապա ինչ՞ օրենքով նախատեսված հիմքերով և պատճառաբանությամբ,
3) հանրահավաքի ավարտից հետո, ի՞նչ իրավական միջոցառումներ են ձեռնարկվել վերը նշված արարքները և/կամ զանցանքները կատարած անձանց և կազմակերպությունների հանդեպ օրենքով նախատեսված իրավական ներգործության անխուսափելությունն ապահովելու ուղությամբ,
4) հանձնարարել սույն հայտարարությանը պատասխանել Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված 5-օրյա ժամկետում, գրավոր կարգով, սույն հայտարարությամբ նշված հասցեով,
5) սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր ստանալու անհրաժեշտության դեպքում ինձ հետ կապ հաստատել սույն հայտարարությամբ նշված հեռախոսահամարով։
Հարգանքով,
«ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ԻՐԱԶԵԿՄԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ