Մի շարք կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդու՝ Արմեն Հովսեփյանի գույքը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր՝ ապրիլի 5-ին, դատական նիստի ժամանակ Հովսեփյանի պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Արմեն Հովսեփյանի գույքը կալանքից հանելու մասին։
Պաշտպան Արամ Վարդևանյանը Երևանի քաղաքապետարանից ստացված փաստաթղթերի հիմքով նշեց, որ Արմեն Հովսեփյանը համայնքի առջև այս պահին 12 մլն դրամի պարտավորություններ ունի կատարելու, որը հնարավոր է ավելանա, այդ թվում՝ գույքահարկի ու աղբահանության պարտավորությունները, և միջնորդեց դատարանին գոնե մասնակի բավարարել միջնորդությունը։ Սակայն դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը՝ մինչև ապացույցների հետազոտման փուլը։ Ըստ դատավոր Տիգրան Դավթյանի պատճառաբանության՝ եթե ապացույցների հետազոտման փուլում պարզվի, որ ոչ իրավաչափ է եղել Աղվան Հովսեփյանի որդու գույքի նկատմամբ կալանքի կիրառումը, ապա պետությունը այդ ժամանակ կփոխհատուցի։
Արմեն Հովսեփյանի գույքի նկատմամբ կալանք է կիրառվել, քանի որ գործը քննող քննիչը համարել է, որ այդ գույքը իրականում պատկանում է Աղվան Հովսեփյանին, սակայն այն ձևակերպված է որդու անունով։
Դատական նիստին ներկա էր նաև Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներից մեկի դրվագով տուժողի՝ «Էլիտ Շանթ» ընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանի պաշտպան Հրանտ Անանյանը։ Պաշտպանը այս քրեական գործի շրջանակում քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Աղվան Հովսեփյանի՝ պահանջելով բռնագանձել նրանից 672 մլն դրամ արժողությամբ գույքը կամ գումարը։
Հրանտ Անանյանի խոսքով՝ 2009 թվականին մոտ 3 հեկտար հողը Աղվան Հովսեփյանի առաջարկով Վարշամ Ղարիբյանը նվիրատվությամբ հանձնել է «Տիգրան Մեծ» հրատարակչության նախկին տնօրեն, Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանին, որը հանդիսացել է Աղվան Հովսեփյանի մտերիմը։
«Նպատակը եղել է այն, որ այդ գույքը ձևակերպվի որպես երաշխիք, որ Վարշամ Ղարիբյանը այլ անձի հետ ունենալով որոշակի գումարային տարաձայնություններ՝ այդ գումարային տարաձայնությունների կարգավորման երաշխիք լինի»,- ասում է Հրանտ Անանյանը։
Փաստաբանը նշում է՝ «Էլիտ Շանթ» ընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանի և այլ անձի միջև տարաձայնությունների հարցն այդպես էլ չի հարթվել։ Հետագայում Վարշամ Ղարիբյանին պատկանող գույքը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանը նվիրել է Աղվան Հովսեփյանի որդուն, ինչը, փաստաբանի խոսքով, կատարվել է Աղվան Հովսեփյանի դրդմամբ։
Այս դրվագով կա դատավճիռ՝ դատարանն այս իրավիճակին տվել է քրեաիրավական գնահատական՝ հափշտակություն, տուժող է ճանաչված «Էլիտ Շանթ» ընկերության նախկին սեփականատեր Վարշամ Ղարիբյանը, սակայն գույքը դեռ չի վերադարձվել։
«Համառ է տրամադրված Աղվան Հովսեփյանը, որ այդ գույքը որևէ ձևով չվերադարձնի, ինչը անհասկանալի է։ Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որ նա իրեն մեղավոր է ճանաչել, և այդ դատավճիռը չի բողոքարկվել։
Հետագայում Վրեժ Մարկոսյանը այդ գույքը անհատույց նվիրել է Աղվան Հովսեփյանի որդուն, ինչը համարվել է հանցագործություն»,- նշում է Անանյանը։
Հրանտ Անանյանն ընդգծում է՝ ոչ Աղվան Հովսեփյանը, ոչ իր որդին այդ գործարքի համար չեն վճարել, ավելին՝ նույնիսկ Վրեժ Մարկոսյանը չի վճարել այդ գույքի համար, որն իրեն արդեն իսկ մեղավոր է ճանաչել։ Թե ինչո՞ւ գույքը չի վերադարձվում, Հրանտ Անանյանի խոսքով՝ դա որևէ ձևով չի պարզաբանվում։
«Փաստարկներ են հնչում դատական նիստերի ժամանակ, որ այդ գույքը չպետք է վերադարձվի, որովհետև չպետք է քննարկման առարկա դառնա քրեական վարույթի շրջանակներում։ Մոռացության են տալիս, որ այդ մասով կա մեղադրանք։ Եթե պարոն Հովսեփյանը այդ մասով որևէ հանցագործություն չի կատարել, անհատույց ուրիշի գույքին տիրանալու դիտավորություն չի ունեցել՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ինքն այդ գույքը չի վերադարձնում։ Չէ՞ որ դրա համար որևէ լումա չի վճարել երբևէ»,- հավելում է Վարշամ Ղարիբյանի պաշտպանը։
Աղվան Հովսեփյանը մեղադրվում է 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով մոտ 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը օրինականացնելու համար: Նախկին գլխավոր դատախազի նկատմամբ 2021թ․որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը, սակայն 2022թ.-ին դատարանը Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել 100 մլն դրամ գրավը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Նարա Մարտիրոսյան
Մանրամասն՝ տեսանյութում