Եթե չփորձենք բարդ դիվանագիտական գործընթացներ անցնել՝ ՀՀ-ի գոյությունը կդնենք հարցականի տակ

Եթե բացենք 1917 թվականի թերթերը կտեսնենք խոր հիասթափություն, լուծումներ փնտրտուքներ, որ պետք էր պայմանավորվել հարևանների հետ, արտաքին ուժերի վրա հույսեր չդնեինք։ Նույնը եղել է 1920 թվականին, որ մենք պետք է առաջին հերթին թուրքերի հետ պայմանավորվեինք, հույսը դրեցինք արտաքին ուժերի վրա, չարդարացան այդ հույսերը։ Ծանր դեպքերից հետո հասկացել ենք, որ սխալ էր ու ցավոք սրտի շատ ծանր գին ենք վճարել դրա համար։

 

Խոսելով այսօրվա իրողությունների, խոսույթի, իրական ու պատմական Հայաստանների գաղափարների մասին նշեց քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն ու բերեց այսօրվա այլ պետությունների վարքից օրինակներ։


«Զգուշավորությունը, հաշվարկը քաղաքականության մեջ մեզ մոտ համարվում է պարտվողականություն, անթույլատրելի մի բան։ Մենք տեսնում ենք, որ շատ ավելի խոշոր պետություններ, ավելի մեծ ռեսուրսներով ավելի զգուշավոր են։ Օրինակ Իրանը, որի տարածքում սպանեցին Համասի առաջնորդին, Իրանը պատասխան չտվեց, որովհետև հասկացան, որ կան քաղաքական ռիսկեր։ Մենք տեսնում ենք, թե ռուս-ուկրաինական պատերազմում Արևմուտքը՝ շատ ավելի մեծ ռեսուրսներով, ինչպիսի զգուշավորություն է ցուցաբերում, կամ Թուրքիայի զգուշավորությունը, Վրաստանի», - ասաց քաղաքագետը։

 

Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին նա նշեց, որ պետք է անընդհատ փորձել։ Հայ-ադրբեջանական, հայ-թուրքական գործընթացները շատ խրթին են, հեշտ չի լինելու։ Դրանք դեռ տարիներով շարունակվելու են, ցավոտ են լինելու և տարիներ են տևելու, ու չկա աշխարհում մի երկիր, որ պատրաստ է մեզ ռազմական այնպիսի օգնություն ցույտ տալ, որ այդ հակամարտությունը այդպես փակենք։ «Եթե մենք ենթադրում ենք նման սցենար, ապա Հայաստանի գոյությունը հարցականի տակ ենք դնում։ Հետևաբար՝ մեր էգոիստ, ցինիկ շահերից ելնելով պետք է մաքսիմալ ցինիկ քաղաքականություն վարել։ Եթե մեր միտումը հակամարտությունն է ու չենք փորձում դժվար դիվանագիտական գործընթացներ անցնել՝ ավելի ծանր է նստելու մեր վրա։ Սա սեփական շահերից ելնելով պետք է հասկանալ։ Ցավոք սրտի ամենաէժան քարոզչական ադրբեջանական արտադրանքները բերում են մեր դաշտ ու  մեզ փորձում են համոզել, որ եթե կան այսպիսի պնդումներ, ապա պետք է խզենք հարաբերություններն ու պատրաստ չլինենք դիվանագիտական ծար աշխատանք կատարել», - ասաց Մելիքսեթյանը։

 

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի ստորագրմանը, այդ փաստաթղթին քաղաքագետը նկատեց, որ այնտեղ ԵԱՀԿ խորհրդատվական փաստաթղթից հատվածներ կան, ինչը ձեռքբերում է։ «Նաև մեզ մոտ բողոքում էին, որ փաստաթղթում հստակ ամրագրված քարտեզ չկա։ Դա շատ լավ է, որովհետև, եթե հստակ քարտեզ լիներ շատ ավելի վատ էր լինելու մեր սահմանային կոմունիկացիաների համար»,- նշեց Մելիքսեթյանը։

 

Նրա կարծիքով Հայաստանը պետք է աշխատի բոլոր կողմերի հետ, շոշափի նրանց կարմիր գծերը։ Նույն Ռուսաստանը, երբ հասկանում է, որ դու այլընտրանք չունես այլ քաղաքականություն է վարում, եթե տեսնում է, որ դիմացինն ունի այլընտրանք, ավելի շատ է սկսում հաշվի նստել դիմացինի հետ։

 

«Ռուսաստանը մոտ 20 տարվա հարաբերությունների ընթացքում եկել է այն եզրահանգման, որ Հայաստանին ինչ որոշում էլ պարտադրես՝ կատարելու է, որովհետև այլընտրանք չունի։ Հայաստանը մինչև հիմա դիտարկվում է որպես երկիր, որը փաստացի վասալական հարաբերություններ է ունեցել  ու Հայաստանի լուծումն էլ այդ վասալական կախվածությունների թուլացումն է։ Մեր խնդիրը այլընտրանքներ ստեղծելն է՝ ցանկացած կողմի հետ հարաբերություններում»։

 

Անդրադառնալով կոմունիկացիաների ապաշրջափակմանը Մելիքսեթյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանն իրականում չի ցանկանում, որ այդ ճանապարհը վերահսկի ՌԴ ԱԴԾ-ն ուղղակի օգտագործում է շահերի համընկնումը ՌԴ-ի հետ ու ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա։ «Վստահ եմ, որ Ադրբեջանը համաձայն չէ ռուսական վերահսկողությամբ միջանցքի տարբերակին, նրանք վստահ են, որ Հայաստանը չի համաձայնելու՝ հետևաբար կարող են Ռուսաստանի հետ համատեղ խաղ խաղալ, ցույց տալ, որ համերաշխ են իրենց պահանջների մեջ ու հավելյալ ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Հետո կարող են առևտրի հանել այդ ճնշումը, ասել, որ հանում են այդ պահանջն ու այլ տեղում զիջում կորզել», - ասաց Մելիքսեթյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան