ԱԱԾ-ի բացահայտած զինված հեղաշրջման փորձը իրավապաշտպան
Էդգար Խաչատրյանը դիտարկում է որպես ահաբեկչության փորձ ու կարևորում է դրա նպատակը։
Ապա Խաչատրյանը հարցադրում է անում, թե ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ-ում՝
այն դեպքում, երբ ՀԱՊԿ անդամ երկրում նախապատրաստվում է ահաբեկչություն Հայաստանի տարածքում։
Պոլիգրաֆ սարքերի առկայությունն էլ վկայում է այն մասին, որ գործում, բացի ՌԴ ՊՆ-ից,
ներգրավված են եղել հատուկ ծառայությունները։
Ռուսաստանի նպատակը, ըստ իրավապաշտպանի, Հայաստանում
անկայունություններ ստեղծելն է, որն էլ իր հերթին կբերի իշխանափոխության։
«ՌԴ իշխանությունները շահագրգռված են Հայաստանում
իշխանության փոփոխության հարցում։ Շահագրգռված են, որպեսզի Հայաստանում լինեն ՌԴ-ին
ավելի լոյալ իշխանություններ»,- ասաց Էդգար Խաչատրյանը։
ՌԴ-ի մոտ, սակայն, ըստ Խաչատրյանի, շատ բան չի հաջողվում,
որովհետև Ռուսաստանն այլևս մինչև 2022 թվականը եղած ՌԴ-ն չէ։ Նաև շատ բան է փոխվել
Հայաստանում և Հայաստանի հասարակությունում, սակայն դժվար է գնահատել, թե որ գործոնը
որքանով է ազդել։
Խաչատրյանը նաև անընդունելի է համարում Հայաստանի՝
ՀԱՊԿ-ում մնալը, քանի որ հիմա արևմտյան գործընկերներն են, որ ինչ-որ չափով ապահովում
են ՀՀ անվտանգությունը։
Ըստ նրա եզրահանգումների՝ Հայաստանը դուրս չի գալիս
ՀԱՊԿ-ից տնտեսական մտավախություններից ելնելով։ Սակայն այսպիսով Հայաստանի տնտեսական
կախվածությունները միայն ավելանալու են։
Խաչատրյանը կողմ է «վիրահատական» ճանապարհով ՀԱՊԿ-ի
և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները լուծելուն։
Միաժամանակ՝ պետք չէ փրկիչներ որոնել նաև ԵՄ-ում։
Պետք է պրագմատիկ գործել։ Հայաստանի առաջնային մարտահրավերներից է Ադրբեջանի հետ եղած
կոնֆլիկտը, որը, սակայն, ոչ պայմանագրաունակ պետություն է, ու Խաչատրյանը կարևորում
է միջնորդների և երաշխավորների ներկայությունը։ Խաչատրյանն ընդունում է, որ միջնորդները
գործելու են իրենց շահերի համատեքստում, սակայն ԵՄ-ի շահերը Հայաստանի հետ այս դեպքում
ամենաշատն են համընկնում։
Խաչատրյանի կարծիքով՝ Ադրբեջանը ևս չի ցանկանում
ճանապարհների ապաշրջափակում, որտեղ վերահսկողությունը կլինի ռուսական, սակայն անհամաձայնություն
չի հայտնում՝ լավ իմանալով, որ դրան չի համաձայնելու Հայաստանը։ Միաժամանակ՝ Ադրբեջանը
չի համաձայնում հայկական վերահսկողությամբ ճանապարհին, քանի որ Ադրբեջանը շահագրգռված
է, որ Հայաստանը, որպես պետություն, չզարգանա, ինքնիշխան չլինի։ Խոսելով ռիսկերի մասին՝
Խաչատրյանը նշեց, որ այլ կազմակերպությունների կողմից ճանապարհի անվտանգությունը ապահովելու
դեպքում Ադրբեջանը կարող է կլանել այդ ընկերություններին, գնել, իսկ ռուսական ներկայության
դեպքում՝ պայմանավորվել Ռուսաստանի հետ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Արցախում։
«Ռուսական ՖՍԲ-ի հետ կարող են պայմանավորվածության գալ, ու քայլ առ քայլ ռուսները հետ
քաշվեն, ադրբեջանցիները առաջանան։ Արցախում մենք սա տեսել ենք։ Ինչպես վարչապետն էր
ասում՝ պետք է դասեր քաղել։ Մենք պետք է մեզ հարց տանք՝ մենք, որպես պետություն, ո՞ր
դասերն ենք քաղում։ Սովետական Միությունն էր ժամանակին ասում՝ գնացեք այս դասերը քաղեք,
հիմա Ռուսաստանն է թելադրում, թե ինչ դասեր ենք մենք քաղելու։ Միևնույն ժամանակ պետք
է հասկանանք, թե այդ դեպքում ի՞նչ դասեր քաղենք»։
Հիմա, Խաչատրյանի կարծիքով, փոխվել է այն, որ կա
բազմակարծություն, քննարկումներ, թե մենք ինչ պետք է սովորենք, ինչ դասեր քաղենք, ինչը
մեզ՝ որպես պետություն, ուժեղացնում է։ Այս համատեքստում, սակայն, ըստ Խաչատրյանի,
մենք անդառնալիության կետին դեռ չենք հասել։
««Որտեղ հաց, այնտեղ կաց»-ի հաջորդ քայլը «հացին
վայիս լինելն» է։ Սա կոռուպցիան պահող ամենակարևոր խոսույթն է, երբ ասում են՝ խի՞ ես
խոսում, հացիս վայի՞ս ես լինում, տուն եմ պահում»,- անդրադառնալով վարչապետի փիլիսոփայական
նկատառումներին՝ ասաց Էդգար Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան