ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ՄԱԿ ԱԽ-ում «Առաջնորդություն հանուն խաղաղության» թեմայով քննարկման ժամանակ ասել է,
որ «Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն
առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները մինչև
Բաքվում COP29-ը՝ դրանով իսկ ստեղծելով խաղաղության գործընթացն առաջ մղելու միջավայր»։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը
զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։ Հարցին, թե այս բարձր ամբիոնից հնչեցրած
ելույթը կարո՞ղ է որևէ ձևով ազդել խաղաղության պայմանագիրը մինչև նշյալ ժամկետը ստորագրելու
հարցում։
«Այն, որ կարող է նպաստել նրան,
որ գործընթացն ինչ-որ տեղ արագանա, որ օրինակ՝ միջնորդների կողմից լինի հավելյալ շահագրգռվածություն՝
մասնակցելու այն գործընթացին, որն առկա է, և այսպես ասենք՝ նոր ավյունով կարծես թե
այս հարցին մոտենալ, այո։ Բայց ես կարծում եմ, որ այն պայմանները, որը Հայաստանն առաջարկել
է, Ադրբեջանն արդեն իսկ խոսել է այն մասին, որ դրանք անընդունելի են, և դժվար թե այս
առումով ինչ-որ բան փոխվի։ Այսինքն՝ համաձայնեցված կետերը, ներառյալ առանձին խաղաղության
պայմանագիր ստորագրելը, կարծում եմ, որ Ադրբեջանի համար առաջնահերթություն չէ, և Ադրբեջանը
փորձելու է այնուամենայնիվ ձգձգել գործընթացը կամ հասնել նրան, որ շատ քիչ բան ասող
հայտարարություն ընդունվի՝ խաղաղության պայմանագրի փոխարեն։ Առնվազն դա կարող է լինել
շրջանակային համաձայնագիր, ինչի մասին մշտապես խոսել են Բաքվում, որ իրենք պատրաստ
են այդպիսի համաձայնագիր կնքել»,- ասաց քաղաքագետը։
Մեր զրուցակիցը նշեց, որ այստեղ
ամբողջ խնդիրն այն է, թե ինչն է մտնելու շրջանակային համաձայնագրի մեջ, ինչ իմաստ է
ունենալու այդ շրջանակային համաձայնագիրը, ինչ կետեր են այդտեղ լինելու։
Քաղաքագետի խոսքով՝ բնականաբար,
Հայաստանը փորձում է հնարավորինս բովանդակային դարձնել որևէ համաձայնագիր, որը կարող
է կնքվել, բայց «Հայաստանի դիրքորոշումն այն է, որ ճիշտ կլինի՝ այն բաղկացած լինի բազմաթիվ
կետերից, որոնք ունեն որոշակի կոնկրետիկա, իսկ Ադրբեջանի մոտեցումը, ես ոնց հասկանում
եմ, այն է, որ հնարավորինս քիչ կոնկրետություն լինի, լինեն շատ ընդհանուր ձևակերպումներ,
և ասվի, որ այս ընդհանուր ձևակերպումների շրջանակներում հետագայում աշխատանք է տարվելու,
որպեսզի կողմերը հասնեն խաղաղության պայմանագրին կամ հարաբերությունների նորմալացման
վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան