Ռուսական ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաալիքը նյութ էր հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանում ձերբակալվել է ռուսաստանցի 23 ամյա Յուրի Տ.-ն, ով Ռուսաստանի կողմից հետախուզվել է դասալքության համար։
Հեռուստաընկերությունը հայտնում է նաև, որ ՌԴ քաղաքացին այնուհետև ազատ է արձակվել, սակայն անհայտ է, թե ինչ խափանման միջոց է կիրառվել վերջինիս նկատմամբ, և ինչ է սպառնում ռուսաստանցուն առաջիկայում։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ.-ն։
«Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոցը՝ զինվորական հսկողություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ Դատախազությունից
Civic.am-ին հայտնեցին, որ հետախուզվող անձը ձերբակալումից մի քանի ժամ անց ազատվել է արգելանքից: Արդյոք Յուրի Տ.-ին հայկական կողմը պատրաստվո՞ւմ է արտահանձնել ռուսական կողմին, թե՞ ոչ, դատախազությունից նշեցին, որ այն կարող է քննարկվել հանձնելու մասին միջնորդություն ստանալու դեպքում՝ կիրառելի միջազգային պայմանագրերով հանձնելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում։
Նշենք, որ հանձնումը կատարվում է 1957 թ. դեկտեմբերի 13-ին Փարիզում Եվրոպայի խորհրդի անդամների կողմից ընդունված կոնվենցիայի հիման վրա։
Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց հանձնել սույն կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, որոնց դեմ հայցող Կողմի իրավասու մարմինները գործ են հարուցել, կամ որոնք հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից՝ դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով (հոդված 1): Կոնվենցիայի 26-րդ հոդվածին համապատասխան, որը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմին հնարավորություն է տալիս կոնվենցիան ստորագրելիս կամ վավերագիրը կամ միացման մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ կատարել վերապահում կոնվենցիայի ցանկացած դրույթի կամ դրույթների վերաբերյալ. Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի 1-ին հոդվածի առնչությամբ իրեն իրավունք է վերապահել մերժել հանձնումը հետևյալ դեպքերում.
- եթե հանձնման դեպքում հայցող պետության տարածքում հանձնման ենթակա անձը կենթարկվի քրեական պատասխանատվության արտակարգ դատարանի կողմից, կամ եթե հանձնման ենթակա անձի նկատմամբ ի կատար ածվելիք դատավճիռը կայացվել է նման դատարանի կողմից.
- եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման ենթակա անձի տարիքի կամ առողջական վիճակի հետևանքով հանձնումը կվատթարացնի այդ անձի առողջական վիճակը կամ կսպառնա նրա կյանքին.
- եթե հանձնման ենթակա անձին ՀՀ տարածքում տրված է քաղաքական ապաստան:
Կոնվենցիայով նախատեսվում են հանձնման համար հիմք հանդիսացող հանցագործությունները: Մասնավորապես, «Հանձնումը պետք է կատարվի այնպիսի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող և հայցվող կողմերի օրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով, կամ ավելի խիստ պատժով: Երբ դատապարտման կամ բանտարկության դատավճիռը, կամ կալանավորման որոշումը կայացվում է հայցող կողմի տարածքում, ապա նշանակված պատիժը պետք է լինի 4 ամսից ոչ պակաս» (հոդված 2, կետ 1): Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ նույնպես կատարել է վերապահում, ըստ որի՝ «նախատեսված դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանձնումը կիրականացվի այն դեպքում, եթե հանձնման ենթակա անձը դատապարտվել է ազատազրկման 6 ամսից ոչ պակաս ժամկետով կամ ավելի խիստ պատժով»:
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանձնում չի իրականացվում, եթե հանցագործությունը, որի համար այն հայցվում է, հայցվող կողմը ճանաչում է որպես քաղաքական հանցագործություն կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող: Հանձնումը չի իրականացվում նաև, եթե հայցվող կողմն ունի բավարար հիմքեր՝ համարելու, որ սովորական քրեական հանցագործության համար հանձնման վերաբերյալ հարցումը ներկայացված է անձի ռասայի, կրոնի, ազգության կամ քաղաքական կարծիքի հետապնդման և պատժման նպատակով, կամ՝ որ այդ անձի դիրքին կարող է վնաս հասցվել այս հանգամանքներից որևէ մեկի պատճառով:
Սույն կոնվենցիայի համաձայն՝ պետության ղեկավարի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ մահափորձը կամ սպանությունը չպետք է համարվի քաղաքական հանցագործություն:
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է. «Քանի որ իր օրենքներով քաղաքական հանցագործությունների կամ քաղաքական հանցագործությունների հետ կապ ունեցող հանցագործությունների տեսակներ սահմանված չեն, ուստի այդպիսի հիմքերով հանձնման հարցում ստանալիս Հայաստանի Հանրապետությունը հանձնում կիրականացնի, երբ հարցման մեջ նշված հանցագործությունը այդպիսին է համարվում իր ընդհանուր քրեական օրենքով կամ Հայաստանի Հանրապետության համար գործող միջազգային պայմանագրերով»:
Կոնվենցիան հանձնման շրջանակներից բացառում է այն զինվորական հանցագործությունները, որոնք սովորական քրեական օրենքներով հանցագործություններ չեն համարվում (հոդված 4):
Կոնվենցիայի 4-րդ հոդվածի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը նույնպես հայտարարություն է կատարել. «Քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքներով զինվորական բոլոր հանցագործությունները սովորական քրեական օրենքներով են հանցագործություններ համարվում, ուստի այդ գործերով Պայմանավորվող կողմերի հանձնման վերաբերյալ հարցումները կբավարարվեն, եթե հայցող Պայմանավորվող կողմի օրենքներով տվյալ արարքը, որի առնչությամբ պահանջվում է համապատասխան անձի հանձնումը, նույնպես դասվում է սովորական քրեական հանցագործությունների շարքին»:
Կոնվենցիայով նախատեսվում է, որ Կողմը պետք է իրավունք ունենա մերժելու իր քաղաքացիների հանձնումը (հոդված 6):
Վովա Հակոբյան