ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է. վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության մեջ
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Նարիմանյանի ներկայացուցիչ Սիմոն Հարությունյանը։

Փաստացի այժմ Միքայել Նարիմանյանի նկատմամբ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Քրեական հետապնդման վերաբերյալ Հարությունյանը մանրամասներ չհայտնեց, սակայն նշեց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) և 179-րդ հոդվածներով (յուրացում)։
Խափանման միջոցի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը, ըստ պաշտպանի, հիմնված է դատախազության կողմից միջնորդությունը հետ ուզելու վրա։ 

Համաձայն Դատախազության՝ Միքայել Նարիմանյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտոր, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ. Ս.-ի օժանդակությամբ, դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով, կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:

Նշենք, որ Միքայել Նարիմանյանը մեղսագրվող արարքներում իրեն մեղավոր չի ճանաչում։