Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2023 թվականի ապրիլի 10-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր:
Միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման
նախագիծը։
Դատախազի միջնորդագրում մասնավորպես նշված է, որ նախաքննության ընթացքում ձեռք է բերվել հանցանքի կատարման վերաբերյալ բավարար ապացույցների ամբողջություն առ այն, որ Մհեր Սահակյանը, փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, այն է՝ նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանի՝ Արծվիկ Մինասյանի կողմից քննարկման թեմայից շեղվելու պատճառով նիստի բնականոն ընթացքը վերականգնելու եւ քննարկման թեմային վերադառնալու նպատակով մասնակիցներին արված դիտողությունը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ, ցուցադրաբար հակադրվել է Վ․ Վարդանյանին եւ ներկաների նկատմամբ անհարգալից, ՀՀ «ԱԺ կանոնակարգ օրենքով» ամրագրված նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ, ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին՝ հանձնաժողովի փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր եւ Վ․ Վարդանյանի միջեւ նստած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանին, մոտեցել է Վ. Վարդանյանին եւ աջ ձեռքով հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ պատճառելով առողջության թեթեւ վնաս առողջության կարճատեւ քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի, մեջքի քերծվածքների, ձախ վերին եւ ստորին կոպերի արյունազեղումների ձեւով: Մհեր Սահակյանին մեղսագրվում է ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 1-ին մասով արարք:
Միջադեպին ներկա պատգամավորների ցուցմունքները Նշենք, որ միջնորդագրում վկայակոչված են փակ նիստին ներկա պատգամավորների ցուցմունքները: ՔՊ-ական պատգամավորների, ինչպես նաեւ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ցուցմունքներում մասնավորապես նշված է, որ Վ․Վարդանյանը եւ Մ․Սահակյանը բավական մոտ են նստած եղել (նրանց բաժանել է Ալխաս Ղազարյանը), Վարդանյանը կանգնել է, բայց տեղից չի շարժվել, Սահակյանն է մոտեցել եւ անսպասելի հարվածել Վ.Վարդանյանին, հարվածն այնքան ուժգին է եղել, որ տուժողը վայր է ընկել, իսկ բռնարարքի հեղինակը անմիջապես դիմել է փախուստի։ Մինչդեռ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանի, Արծվիկ Մինասյանի, ինչպես նաեւ Մհեր Սահակյանի ցուցմունքներում նշված է, որ Վլադիմիր Վարդանյանն է այսպես ասած սադրել միջադեպը՝ քննարկման մասնակիցների վրա գոռալով, ապաեւ՝ իրեն չգոռալու մասին դիտողություն արած Սահակյանին ընդառաջ քայլելով։
Մասնավորապես
տուժող Վ.Վարդանյանը իր ցուցմունքում նշել է, թե Ա.Մինասյանը շեղվել է քննարկման թեմայից եւ հարցեր ուղղել ՀՀ «կորսված հողերի» վերաբերյալ, որի ժամանակ խմբակցությունների պատգամավորների միջեւ բարձր ձայնով խոսակցություն է սկսվել։ Որպես նիստի նախագահող՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու եւ քննարկման թեմային վերադառնալու նպատակով ինքը ոտքի է կանգնել եւ փորձել է հանդարտեցնել պատգամավորներին։ Իր իրավաչափ պահանջին ի պատասխան՝ Մհեր Սահակյանն ասել է, որ իրենց վրա չգոռա։ Ինքը՝ Վարդանյանը պատասխանել է, որ նախ՝ չի գոռացել՝ հավելելով, որ ցանկանում է շարունակել հանդարտ քննարկումը։ Մ․ Սահակյանը եւս մեկ անգամ կրկնել է, որ իրենց վրա չգոռա, ինչից հետո Վ․Վարդանյանը պարզաբանել է, որ ինքը նիստի նախագահողն է, չի գոռում, այլ բոլորին կարգի է հրավիրում։ Դրանից հետո Մ․ Սահակյանը, առանց որեւէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է, մտեցել է իրեն եւ առանց խոսելու աջ ձեռքին առկա ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին։ Այդ հարվածից ինքը ֆիզիկական ուժեղ ցավ է զգացել, ծակոց, ինչի հետեւանքով կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել գետնին։ Ընկնելուց դիպել է նախագահության հետեւում դրված աթոռին, որը շրջվել է։ Մի քանի վայրկյան անց, ըստ Վարդանյանի, իրեն հարվածած Սահակյանը դուրս է եկել դահլիճից եւ դիմել փախուստի։ Ուշագրավ է, որ Վ․Վարդանյանն իր ցուցմունքում նշել է, որ որեւէ գործողություն չի կատարել, Մհեր Սահակյանին ընդառաջ չի գնացել, այլ ընդամենը կանգնել է տեղում, հնարավոր է՝ հարմար կանգնելու համար մեկ քայլ ձախ է գնացել, որից հետո բոլորին կարգի է հրավիրել, ինչին էլ հաջորդել է Մ․ Սահակյանի՝ վերը նկարագրված գործողությունը։ Միջադեպից հետո Արծվիկ Մինասյանն եւ Գեղամ Նազարյանը քննադատել են իրենց խմբակցության պատգամավորի արարքն ու խոստացել, որ նրան կպատժեն։ Դատախազության միջնորդագրում նշված է, որ Վ․Վարդանյանը բողոքում է Մ․Սահակյանի դեմ եւ ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության։
Վկա
Ալխաս Ղազարյանն էլ իր ցուցմունքում մասնավորապես նշել է, որ Մ․Սահակյանը նիստի ընթացքում տարօրինակ պահվածք է դրսեւորել՝ հեռախոսով ինչ-որ գործողություններ է կատարել։ Ըստ Ղազարյանի՝ Մ․Սահակյանը նիստի ժամանակ նստած է եղել իր կողքին, ով երբեւէ Հանձնաժողովի նիստերի ընթացքում այդտեղ չի նստել, եւ նրա՝ այդտեղ նստելու նպատակը հետագայում հասկացել է՝ ելնելով նրա կատարած գործողություններից։ Ա․ Ղազարյանը այսպես է նկարագրել միջադեպը՝ երբ Վ․Վարդանյանը մի փոքր բարձր տոնով հորդորել է բանավիճող պատգամավորներին, որպեսզի հանգիստ խոսեն եւ վերադառնան քննարկման թեմային, Մ․Սահակյանը, դիմելով Վ․Վարդանյանին, պահաջել է չգոռալ, որից հետո անմիջապես կանգնել է, բաց ափով ուժգին հարվածել սեղանին եւ մոտենալով Վ․Վարդանյանին, որը նույնպես կանգնել է, սակայն տեղից չի շարժվել, հարվածել է վերջինիս դեմքին։ Հարվածի պահին Ղազարյանը ուժգին ձայն է լսել, իրեն թվացել է, թե մետաղական իրն է կոտրվել կամ դրա պես մի բան, նույնիսկ թվացել է, թե Վ․Վարդանյանի ակնոցներն են կոտրվել։ Հարվածի հետեւանքով Վ․Վարդանյանը վայր է ընկել, իսկ Մ․Սահակյանը դիմել է փախուստի։
Գրեթե նույնպիսի պատկեր էլ իր ցուցմունքներում նկարագրել է վկա «
Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը։ Նրա ցուցմունքներում նույնպես նշված է, որ երբ Վ․Վարդանյանը դիտողություն է արել քննարկման թեմայից շեղված Արծվիկ Մինասյանին, Մ․Սահակյանը, ընդհատելով նիստը, նախագահողին ասել է, թե նա դիտողություն անելու իրավունք չունի, Վարդանյանն էլ պատասխանել է, թե որպես նիստը վարող՝ ունի այդ իրավունքը։ Մհեր Սահակյանը այդ ժամանակ ձեռքը խփել է սեղանին, անմիջապես նստած տեղից բարձրացել է եւ մոտենալով Վ․Վարդանյանին, մեկ անգամ անսպասելի հարվածել է նրա դեմքին։ «Վլադիմիր Վարդանյանը Մհեր Սահակյանի մոտենալու պահին կանգնել է, որին անմիջապես հաջորդել է հարվածը, սակայն Վարդանյանը կանգնած տեղից ընդառաջ չի գնացել»,-մասնավորապես նշված է Վ․Խաչատրյանի ցուցմունքում։ Հարվածի հետեւանքով, ըստ Խաչատրյանի ցուցմունքի, Վ․Վարդանյանն ընկել է գետնին, իսկ Սահակյանը դիմել է փախուստի։
Վկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ հակառակ պատկերն է նկարագրել․ իբրեւ թե՝ Մ․ Սահակյանն է դիտողություն արել բանավիճող ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանին, Արփինե Դավոյանին եւ Արծվիկ Մինասյանին՝ «առաջարկելով չգոռգոռալ եւ խոսակցությունը հանգիստ վարել»։ Սկզբում իրեն թվացել է, որ Վարդանյանն ընդունել է Սահակյանի ասածը, «սակայն լռելուց մի քանի վայրկյան անց Վ․Վարդանյանը բղավելով ձեռքը խփել է սեղանին եւ ասել, թե ինչպես ցանկանա, այնպես էլ կխոսի, ինքն է որոշում, թե ինչպես խոսի։ Դրան ի պատասխան, Մհեր Սահակյանը ձեռքի ափերը կողմ պարզելով ասել է, որ նա չի կարող այդպես խոսել, որից հետո նույն բարձր տոնայնությամբ խոսելով, նույն միտքն արտահայտելով Վ․Վարդանյանը կանգնել է եւ քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Ինքը մտածել է, թե կխոսեն, կհանդարտվեն, սակայն այդ պահին տեսնելով իրեն մոտեցեող Վ․ Վարդանյանին, Սահակյանը նույնպես ոտքի է կանգնել, մի փոքր հետքայլ է արել, եւ երբ Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է վերջինիս, որից հետո Վարդանյանը անմիջապես ընկել է։ Իր կարծիքով «Սահակյանի՝ Վարդանյանին հարվածելը պայմանավորված է եղել նրանով, որ կարծել է, թե Վարդանյանը պատրաստվում է հարվածել իրեն»։
Արծվիկ Միասյանի ցուցմունքը նույնպես ընդհանուր առմամբ կրկնում է Գեղամ Նազարյանի նկարագրածը․ Վ․ Վարդանյանն է գոռգոռացել, իսկ երբ Սահակյանը հորդորել է չգոռալ՝ ասելով, թե իրենք էլ կարող են գոռալ, Վ․ Վարդանյանը ի պատասխան ձեռքը խփել է սեղանին եւ ասել, թե լավ է անում, ում վրա ուզի, կգոռա։ Սահակյանը նույնպես ձեռքը խփել է սեղանին եւ ասել, թե Վարդանյանը չի կարող գոռալ։ «Վարդանյանը շատ հանկարծակի կանգնել է եւ ագրեսիվ կեցվածքով քայլ արել դեպի Սահակյանը։ Վերջինս մեկ քայլ անելուց հետո ձեռքով հարվածել է Վարդանյանի դեմքի շրջանին»։ «Միջադեպից հետո ինքն ասել է Վարդանյանին, որ կքննեն եւ եթե պատժելու անհրաժեշտություն լինի, իրենք կպատժեն Սահակյանին»։ Վերջին նախադասությունն ասելով՝ Մինասյանը նպատակ է ունեցել հանգստացնել լարված իրավիճակը։
Այժմ տեսնենք, թե ինչպես է իր արարքը հիմնավորել
2016-ից ՀՅԴ-ական, ընդամենը մի քանի ամիս առաջ պատգամավորի մանդատ ստացած Մհեր Սահակյանը, որն, ի դեպ, ֆեյսբուքյան իր էջում անմասն չի մնացել իշխանության հասցեին ուղղված՝ հայհոյանք, սպառնալիք, ֆիզիկական բռնության կոչ պարունակող հայտարարություն անելուց, այդպիսի կոչեր պարունակող տեսանյութեր տիրաժավորելուց (մասնավորապես ռուսաստանաբնակ Տիգրան Քյսոայանի կողմից արտաբերվող)։ Ըստ Սահակյանի՝ Հանձնաժողովի հիշյալ նիստում տեղի է ունեցել թեժ քննարկում, որի ընթացքում Վարդանյանը դրսեւորել է «անհավասարակշիռ վարքագիծ, բղավել ընդդիմադիր պատգամավորների վրա»։ Մանսավորապես՝ «գոռալով բռունցքը հարվածել է սեղանին եւ ընդդիմադիր պատգամավորներին մեղադրել ոչ հայամետ դիրքորոշման մեջ։ Վարդանյանի՝ ձեռքը սեղանին խփելուց հետո ինքը նույնպես ձեռքը խփել է սեղանին, կանգնել եւ կանգնած տեղից պահանջել է չվիրավորել, խոսել հարգալից եւ դուրս չգալ էթիկայի նորմերից։ Վարդանյանը, շարունակելով նույն վարքագիծը, ագրեսիվ քայլել է իր ուղղությամբ՝ գոռալով հետեւյալը՝ «լավ եմ անում, ում վրա ուզեմ՝ կգոռամ»։ Հաշվի առնելով, որ նրանց խմբակցությունն ընդունակ է բռնություն գործադրել, ․․․․գնահատելով հնարավոր հարվածի վտանգը որպես իրական՝ բնազդաբար, ինքնապաշտպանության նպատակով աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի դեմքին եւ անմիջապես դուրս եկել սենյանից, որպեսզի միջադեպը չընդլայնվի»։ Դուրս գալուց հետո անմիջապես գնացել է փորձագետների սենյակ, որը գտնվում է այլ մասնաշենքում։ Որոշ ժամանակ անց գնացել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակ, որտեղից ոստիկաններն իրեն ձերբակալել են եւ բերման են ենթարկել։ Այդ ընթացքում դռների փեղկից բռնվել է եւ ոստիկանների կողմից իրեն քաշելու ժամանակ դռան կողպեքի ելուստից վնասվել է աջ ձեռքի ճկույթը եւ աջ ոտքի ազդրը։ Իր աջ մատնեմատի վրա առկա է արյան զեղում, այտուց եւ քերծվածք, որոնք առաջացել են այդ հարվածի արդյունքում, հարվածելիս իր ձեռքում որեւէ առարկա չի եղել։
Ին՞չ են ասում դատաբժշկական փորձագետներըԴատաբժշկական թիվ 0364 եզրակացությամբ ՝ Վարդանյանին վերոհիշյալ վնասվածքները պատճառվել են «բութ, կոշտ առարկայով, չի բացառվում՝ նաեւ կոտրված մկրատով»։ Դատաբժշկական փորձագետ Իշխան Մելքոնյանի ցուցմունքով էլ՝ Վարդանյանին պատճառված վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերված եւ փորձաքննության ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում պատճառված վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձեւով։
Ի՞նչ մկրատի մասին է խոսքը Միջադեպից հետո, ինչպես իր ցուցմունքում նշում է Սահակյանը, վերջինս գնացել է փորձագետների սենյակ։ Հայաստան խմբակցության փորձագետ Վահե Գրիգորյանն իր ցուցմունքում նշել է, որ երբ Սահակյանը շփոթված իրենց աշխատասենյակ է մտել, լարված պատմել տեղի ունեցածի մասին, միաժամանակ աշխատասեղաններից մեկի վրայից վերցրել է մկարտն ու զայրույթից ջարդել է, ինչի հետեւանքով վնասվել է մատը։ Նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաեւ Ա․Մինասյանի օգնականն ու Հայաստան խմբակցության մեկ այլ փորձագետ։ Մասնավորապես՝ Սահակյանը, պատմելով տեղի ունեցածի մասին, ասել է, որ նյարդային վիճակի, անհանգիստ շարժումների պատճառով կոտրել է սեւ պոչով մկրատի բռնակը, իսկ մկրատը, ենթադրում է, իր հետ տարել է։ Փորձագետը մկրատի կոտրված բռնակը քննիչին է ներկայացրել։
Հրաժարվել է դատաքիմիական փորձաքննությունից Սահակյանի արյան մեջ թմրանյութի կամ հոգեմետ նյութերի, ինչպես նաեւ ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով քրեական վարույթի ընթացքում որոշումներ են կայացվել դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին։ Սակայն Սահակյանը հրաժարվել է հետազոտման համար նմուշներ ստանալու մասին որոշման պահանջը կատարելուց եւ արյան նմուշ հանձնելուց։
Նախաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցները գնահատելով համակցության մեջ՝ փաստվել է, որ մինչեւ միջադեպը Վարդանյանի ու Սահակյանի միջեւ թշնամական եւ կոնֆլիկտային հարաբերություններ չեն եղել։
Հեղինե Մանուկյան