«Նիկոլականների մարմինները ծառերից կախելու» կոչի դեպքով ԱԱԾ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիմաց «Միասին» հասարակական կազմակերպության հրավիրած հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցողներից Վոլոդյա Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «պետք է այս քաղաքի ծառերից գլխիվայր կախվեն բոլոր նիկոլական թուրքերի մարմինները», որից հետ հանրահավաքում ելույթ էր ունեցել նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։

Civic.am-ը կից տեսանյութով հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պարզաբանում ստանալու համար, թե արդյոք դրանցում կա՞ն բռնության կոչեր։ 

Հարցմանն ի պատասխան այսօր դատախազությունից հայտնել են, որ հիշատակված հրապարակման կապակցությամբ Ազգային անվտանգության ծառայությունում 2023 թվականի ապրիլի 7-ին Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ (բռնության հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):

Գեղամ Ադյան