«Պատրաստ ենք աջակցելու բոլոր կողմերին, որոնք խնդիրները լուծելու հարցում կօգտագործեն բանակցության սեղանը և ոչ թե մարտի դաշտը»․ ԵԱՀԿ գործող նախագահ
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:

ԵԱՀԿ գործող նախագահը իր ելույթում նախ անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին և նշել, որ մշտապես խոսել են Հայաստանի հետ և արձանագրել Հայաստանի մտահոգությունները այս խնդրի շուրջ։

Օսմանին նշել է նաև, որ Հայաստան-Ադրբեջան խնդիրները գերակայություն են ԵԱՀԿ-ի համար։ «ԵԱՀԿ-ն և անդամ երկրները Հայաստանի պես կարևոր, ինտեգրալ, անքակտելի կարևոր դերակատարություն ունեն ապահովելու կայունություն և անվտանգություն ԵԱՀԿ տարածքում։  Տարածաշրջանում մեր կազմակերպությունը ունի փորձառություն պետք եղած գործիքակազմը կիրառելու և խթանելու ԵԱՀԿ հանձնառությունը բոլոր երեք ԵԱՀԿ հենասյուներում և աջակցելու անդամ երկրներին՝ մինչ նրանք ձգտում են հասնել կայուն խաղաղության։ Այսօր ես այստեղ եմ, երեկ հանդիպումներ ունեի Բաքվում, և իբրև նախագահող մենք ձգտում ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծման այն համաձայնությունների, որ  մտահոգություններ են պատճառում Հայաստանին և Ադրբեջանին։ Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ ԵԱՀԿ առկա կառույցներով և մեխանիզմներով նոր մտահղացումներով հասնելու այս նպատակին»,- ասել է ԵԱՀԿ նախագահը։

Օսմանին անդրադարձել է նաև հարաբերությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու, այլ ոչ՝ ուժի գործադրմամբ խնդիրներին լուծում տալու կարևորությանը։ 

«Քաջալերում եմ անդրադառնալուն այնպիսի հույժ կարևոր թեմաների, ինչպիսին են սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև բացելու հաղորդակցության ուղիները։ Իբրև ԵԱՀԿ գործող նախագահ՝ սատարում եմ ցանկացած ջանք, որը կտանի խաղաղության, և այն բոլոր նախաձեռնությունները, որոնք կդյուրացնեն երկխոսությունը, կնվազեցնեն լարվածությունը, կխթանեն վստահությունը տանելու հարաբերությունների նորմալացման։ Ես գալիս եմ մի երկրից, որ անցել է հակամարտության տառապանքի ուղով, մի երկրից, որ ունեցել է բաց հակամարտություններ ու խնդիրներ իր հարևանների հետ։ Հս. Մակեդոնիան օգտագործեց բազմակողմ բանակցային հարթակներ լուծելու բարդագույն խնդիրներ իր հարևանների հետ։ Մենք փորձառությամբ տեսնում ենք, որ բանակցության ընթացքը կարող է լինել բարդ և խրթին, սակայն բարիդրացիական հարաբերությունների հեռանկարը և հարատև կայունությունը եկավ այդ ամենի արդյունքում։

Մենք պետք է կարողանանք հույս ունենալ ապագան տեսնելու մեր խնդիրներից այն կողմ ՝ տեսնելու այն մեծ բաները, որոնց կարող ենք հասնել առաջնորդությամբ, մեծ հավատքով և քաղաքական կամքով։ Մենք պատրաստ ենք կիսելու այս փորձառությունն ու աջակցելու բոլոր կողմերին, որոնք խնդիրները լուծելու հարցում  կօգտագործեն բանակցության սեղանը և ոչ թե մարտի դաշտը»,- եզրափակեց Օսմանին։