Ազգային
ժողովում շրջանառության մեջ է դրվել և ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկված նախագծերի
բաժնում զետեղվել է «Հայաստանի
Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային
անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության
միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին»
կանոնակարգը: Այս մասին civic.am-ը
տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից։ Նշենք, որ կանոնակարգին կից ներկայացված են նաև
դրա վերաբերյալ ՍԴ որոշումը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի գրությունը, Հայաստանի
Հանրապետության կառավարության որոշումը, Հայաստանի
Հանրապետության վարչապետի որոշումը և գրություն, որում մասնավորապես նշված է, որ «օրենքի նախագիծը Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս Հայաստանի Հանրապետության
կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի
Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»: Նշենք նաև, որ նախագծի
վերաբերյալ մասնավորապես արդարադատության
նախարարության եզրակացության մեջ նշված է, որ «Կանոնակարգը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի
փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Միաժամանակ հայտնում
ենք, որ Կանոնակարգը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին
մասի 2-րդ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ
կետերով»:
ԱԳ
նախարար Արարատ Միրզոյանի եզրակացության մեջ էլ մասնավորապես նշված է, որ «Կանոնակարգն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության և
Ադրբեջանի Հանրապետության կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր
ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը և
գործում է մինչև սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը: 2024թ. օգոստոսի
31-ի դրությամբ ադրբեջանական կողմը չի ավարտել Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար
անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը»:
«Կանոնակարգը կայուն մեխանիզմներ,
համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների
միջև սահմանային հարցերը կարգավորելու համար»,- ի մասնավորի նշված է նախագծում: