Արագածոտնի մարզի Թալին խոշորացված
համայնքում մեծ թափով ընթանում են սուբվենցիոն ծրագրերով աշխատանքները։ 2024 թվականին
ներկայացրած սուբվենցիոն ծրագրերի գումարը կազմում է 2 միլիարդ 243 միլիոն դրամ։
Մեզ հետ զրույցում Թալին համայնքի
ղեկավար Տավրոս Սափեյանն ասաց, որ Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ գյուղերում
իրականացվել են գազիֆիկացման աշխատանքներ, Արագածավանում իրականացնում են պուրակի կառուցման
աշխատանքներ, Թալին և Կաթնաղբյուր բնակավայրերում հիմնանորոգվում են մանկապարտեզներ:
«Մինչև մեկ միլիարդ դրամի հասնող
գումար ենք դրել, որպեսզի կազմակերպենք մեր վարչական տարածքների, գյուղերի բնականոն
ջրամատակարարումը։ Կար գյուղ, որտեղ մարդիկ մինչև այսօր չէին ուզում ջրաչափեր դնել,
դրան էլ են համաձայնել, դա էլ ենք արել»,- ասաց Տավրոս Սափեյանը։
Կառավարության կողմից տրամադրված
գումարներով ևս համայնքում իրականացվում են ամենատարբեր աշխատանքներ։ Պետական ծրագրով
ներկայումս ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում Աշնակ համայնքում, իսկ Ներքին Բազմաբերդ
և Կաքավաձոր վարչական տարածքների միջնամասում
ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են։
Խոսելով նաև համայնքում ջրամատակարարման
մասին՝ Տավրոս Սափեյանն ասաց, որ Արագած սարում գտնվող ջրերի բաշխման կայան կար, որը
ջուր էր մատակարարում հինգ գյուղերի, սակայն այդ խողովակաշարը գտնվում է բավականին
անմխիթար վիճակում։
«Վերջին այցի ժամանակ, երբ վարչապետը
եկավ Թալին, մեր հարգարժան ագարակցիները դիմեցին վարչապետին՝ ասելով, որ կա ջրի խնդիր,
կեսը թող տա կառավարությունը, կեսը՝ մենք, կազմակերպենք այդ ամեն ինչը, վարչապետը համաձայնել
է»,- նշեց Տավրոս Սափեյանը։
Նա տեղեկացրեց, որ արդեն իրականացվում
են նախագծման աշխատանքները, և ինքն անձամբ է հետևում, որ գյուղերի միջև ջուրը հավասարապես
բաշխվի։
Ներկայումս ընթանում են Թալին
բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որը լինելու է միջազգային չափանիշներին
համապատասխան բուժհաստատություն, համայնքում վերակառուցվում է 9 դպրոց, հուլիսին էլ
Թալինի ավագ դպրոցի տարածքում կառուցվել է մարզադահլիճ։ Դպրոցի տնօրենի խոսքով՝ իրենք
մարզադահլիճ չեն ունեցել դպրոցի կառուցումից ի վեր, պարզապես առանձին տարածք են հատկացրել ֆիզկուլտուրայի դասերի համար։
Տավրոս Սափեյանի խոսքով՝ ներկայումս
համայնքում չկա գյուղ, որ չունենա լուսավորություն, իսկ եղած համակարգը պարբերաբար
արդիականացնում են։
Բացի դրանից, համայնքապետարանի շենքում քննարկումների
համար սրահ են տրամադրել համայնքի երիտասարդներին, իսկ իր պաշտոնավարման ընթացքում
Թալինի ուսանողները տրանսպորտից օգտվում են անվճար։
Նշենք նաև, որ վերջին շրջանում
Թալինում իրականացվում են այնպիսի ծավալի աշխատանքներ, որոնք չեն իրականացվել գրեթե
3 տասնամյակ։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան