«Նոան» 2։0 հաշվով հաղթանակ տարավ չեխական «Մլադա Բոլեսլավի» թիմի նկատմամբ

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայքարն սկսեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում, որի առաջին տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում մրցեց չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ և հաղթեց 2-0 հաշվով։


Առաջին խաղակեսն անցավ հայկական ակումբի շոշափելի առավելության պայմաններում։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր։ Աչքի ընկնելուն շատ մոտ էին վինգերներ, ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու պորտուգալացի Էլդեր Ֆերեյրան, բայց չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։


Երկրորդ կեսի մեկնարկում ավելի ակտիվ էին հյուրերը, սակայն ամեն ինչ փոխվեց 58-րդ րոպեին, երբ «Նոային» առաջ մղեց Մաթեուս Այասը։ Բրազիլացի ֆուտնոլիստը խփեց «Նոայի» պատմության առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։


Տանտերերի առավելությունը 76-րդ րոպեին կրկնապատկեց Վիրջիլ Պինսոնը, որը կատարած ասիսիտին ավելացրեց նաև խփած գոլ։


«Նոան» պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ հատվածում և 3 միավորով այժմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում չորրորդ տեղում է։


Ռուի Մոտայի թիմը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին և Վիեննայում հյուրընկալվելիս կմրցի ավստրաիակն «Ռապիդի» դեմ։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:45-ին։

Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, առաջին տուր

«Նոա» (Հայաստան») - «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա)` 2-0